Շրջափակում. Օր 17

Շրջափակման 17-րդ օրը մենք շարունակեցինք մեր այցերը շահառուների տուն՝ ծանոթանալու նրանց խնդիրներին: Սակայն մինչեւ այցելությունները, անցանք քաղաքի հայտնի բանջարեղենի խանութներից մեկի մոտով, որ ժողովրդի մոտ հայտնի է Ռադիկի բանջարեղենի խանութ անունով /Ռադիկին օվոշնոյը/, որտեղ հսկայական մարդկային հերթ էր: Մեզ հայտնեցին, որ այդ խանութը ինչ-որ ճանապարհով կարողացել է բանջարեղեն ու միրք հասցնել Ստեփանակերտ: Որպեսզի բոլորին հասնի ինչ-որ քանակությամբ մթերք, յուրաքանչյուրին տրամադրվում էր 2կգ խնձոր, 2կգ սոխ, 3-ական գազար ու բազուկ, եւ 1 գլուխ կաղամբ: Տեսարանը փշաքաղվելու աստիճան ճնշող էր: Աներեւակայելի է, որ դա կատարվում է մեզ հետ եւ մեր օրերում…

Այնուհետեւ կատարեցինք մեր առաջին այցը: Տիկին Ներան հաճախ էր զանգում Հանգանակ՝ իմանալու, թե երբ կլինեն դեղանյութերը, ուստի մենք մեզ հետ վերցրել էինք նաեւ նրա անհրաժեշտ դեղանյութերը: Նա մեզ ջերմորեն դիմավորեց եւ հրավիրեց ուրախ ճտճտացող փայտի վառարանի մոտ՝ տաքանալու: Երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ձեռք բերել ջեռուցման համար փայտը, նա ասաց, որ ամիսների ընթացքում նա իր թոշակից գումար է տնտեսել եւ հիմա բնակարանը բավականին տաք էր եւ ասաց, որ նաեւ ճաշն է վառարանի վրա պատրաստում, ուստի խնայում է նաեւ գազը:

Այն հարցին, թե ինչպես է դիմակայում շրջափակմանը, տիկին Ներան պատասխանեց, որ հոգեբանորեն շատ ծանր, սակայն սննդամթերքի ապահովության առումով առ այժմ ապահովված է, ունի բանջարեղեն, միրք, ձավարեղեն, նշեց, որ նույնիսկ շրջափակման օրերին խաղող է գնել, որ Նոր Տարվա սեղանին մատուցի: Նա կատակով ավելացրեց, որ բնավորությունն է այդպիսին, միշտ ունենում է իր «հոգեպահուստը», ուստի այս պահին ոչ մի բանի կարիք չունի: Ինչպես բոլոր արցախցի կանայք, ինքն էլ է մուրաբաներ եւ ջեմեր պատրաստել, բայց պահածոյացված բանջարեղեն չի պատրաստել, որովհետեւ չի օգտագործում: Վերջում նա ավելացրեց, արցախցիներս դիմացկուն ժողովուրդ ենք, կդիմանանք ամեն ինչին եւ չենք լքի մեր հայրենիքը:

Երբ մենք այցելեցինք տիկին Լաուրայնին, նա պատրաստվում էր թեյելու: Տեսնելով, որ մենք նաեւ իր ճնշման դեղերն ենք բերել, շատ ուրախացավ: Արդեն քանի տարի է տիկին Լաուրան կախված է այդ դեղերից: Վերջերս բժշկուհին փոխել էր դեղը, նա հիմա ստանում է նոլիպրել բիֆորտե, որը լիովին կարգավորում է իր ճնշումը: Ունենալով առողջական խնդիրներ, տիկին Լաուրան խստիվ հետեւում է իր սննդակարգին: Ասաց, որ դեռ պահածոները, բանջարեղենը եւ ձավարեղենը կբավականացնեն, նրան ավելի մտահոգում է քաղաքական վիճակը: Միայն թե պատերազմ չլինի, ասաց, որ նորից չտեղահանեն բնակչությանը, թողնեն ապրենք մեր երկրում:

Հետեւեք մեզ եւ իմացեք, թե ինչով են ապրում մեր շահառուները շրջափակված Արցախում:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: