Շրջափակում. Օր 25

Մենք շարունակում ենք մեր այցելությունները շահառուներին: Այսօր արդեն շրջափակման 25-րդ օրն է: Նախորդ օրերին մենք տեսանք, որ շահառուներից շատերը ունեն որոշ չափով պահեստավորած սննդամթերք, որը կարող է դեռ որոշ ժամանակ բավարարել: Սակայն այսօր մենք ականատեսը եղանք ծայրահեղ անմխիթար պատկերի: Այն երկու շահառուները, որոնց մենք այցելեցինք, սնվում են միայն հարեւանների եւ բարեկամների ողորմությամբ: Ֆինանսավորման բացակայության պատճառով, նրանք դեկտեմբեր ամսում պարենամթերք չեն ստացել, այնինչ դա իրենց բավարարում էր ամբողջ ամսվա ընթացքում: Մյուս կողմից նրանք հույս ունեին, որ օգնություն կստանան եւ չեն փորձել շրջափակման առաջին օրերին, երբ դեռ խանութներում կար բավարար քանակությամբ մթերք, ինչ-որ բան գնել: Դրան գումարվել է նաեւ կենսաթոշակների ուշացումը, որ դեռ չէին ստացել շրջափակումից առաջ: Իսկ հիմա դրամ ունեն, բայց խանութները դատարկ են:

Ջուլիետան երկրորդ կարգի հաշմանդամ է, Հանգանակի շահառու է արդեն 17 տարի: Ամսվա ընթացքում Հանգանակից ստացած պարենամթերքը նրան հիմնականում բավարարում էր, իր թոշակով գնում էր միայն բանջարեղեն, միրք, հաց եւ կաթնամթերք: Անցած ամիս նա Հանգանակից չէր ստացել պարենամթերքը, իսկ թոշակը ուշացրել էին եւ հիմա նա գրեթե պահեստավորած ոչինչ չունի: Սակայն ասաց, որ թթուներ ունի, իսկ խանութներում գոնե կա հաց, երբեմն գնում է միս եւ կաթնամթերք: Հետո մեզ հանգստացրեց, ասելով, որ սոված չի մնում: Շնորհակալություն հայտնեց Հանգանակից, որ գոնե տրամադրվում է իրեն այնքան անհրաժեշտ ցավազրկող դեղանյութերը:

Հաջորդը այցելեցինք Ռայային: Ռայան հայտնվել է Հանգանակի շահառուների ցուցակում գրեթե կազմակերպության հինադրման պահից: Նա ցույց տվեց դատարկ սառնարանը եւ ցավով նշեց, որ քանի որ ֆինանսավորման ուշացման պատճառով դեկտեմբեր ամսվա պարենամթերքը չի ստացել, իսկ ինքն էլ դրամ չուներ, որ մթերք ձեռք բերեր, ուստի կարելի է ասել, որ ոչինչ չունի: Այսօր նա ապրում է բարեկամների եւ հարեւանների ողորմությամբ:

Շատ ճնշող պատկեր էր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հանգանակի շահառուներին հունվարի 9-ից կտրամադրվի պարենամթերք: Իսկ մինչ այդ պետք է փորձել օգնել առավել կարիքավոր շահառուներին:

Հետեւեք մեզ եւ իմացեք, թե Հանգանակի տարեցները ինչպես են դիմակայում շրջափակմանը: