Մենք շարունակում ենք մեր այցելությունները շահառուներին: Շատ հաճախ նրանք չեն ցանկանում նկարահանվել, հրաժարվում են լուսաբանվելուց, դժկամորեն են պատասխանում հարցերին, երբ տեսնում են, որ մենք գրանցում ենք նրանց պատասխանները, սակայն մենք կարող ենք ներկայացնել ընդհանուր պատկերը, որը բնորոշ է գրեթե մեր բոլոր շահառուներին:
Ծանր օրեր է ապրում շրջափակման մեջ հայտնված Արցախի ամբողջ բնակչությունը՝ այդ թվում նաեւ Հանգանակի շահառուները, որոնք իրենց կյանքի մայրամուտին ստիպված են անցնել այսպիսի փորձությունների միջով: Եվ այդ փորձություններից ամենադժվարը վաղվա օրվա հանդեպ անորոշությունն է, որը նրանց մոտ հանգեցնում է հոգեբանական խնդիրների՝ ծանր դեպրեսիաների եւ սուր տագնապային վիճակների:
Առաջին հարցին, որ մենք նրանց սովորաբար տալիս ենք այցելությունների ժամանակ՝ ինչի՞ կարիք ունենք, կամ արդյոք սննդամթերքի կամ դեղամիջոցների պակաս ունե՞ք, նրանք պատասխանում են. «եթե խաղաղություն լինի, մենք ամեն ինչի կդիմանանք»: Եվ իրականում նրանց անհանգստացնում է ոչ թե սննդամթերքի կամ դեղամիջոցների սղությունը կամ բացակայությունը, այլ շրջափակման իրողությունը, որը նրանց մոտ անօգնական լինելու եւ անելանելի վիճակի մեջ գտնվելու զգացողություն է առաջացնում:
Ընդհանուր առմամբ, առանձնապես հումանիտար օգնություն եւ Հանգանակի կողմից օժանդակություն ստանալուց հետո, նրանք, վստահաբար կարելի է ասել, որ ապահովված են առաջին անհրաժեշտության մթերքներով եւ դեղանյութերով: Մենք կատարեցինք մի քանի լուսանկարներ, որոնք վկայում են այդ մասին: Շահառուներից շատերը ունեն նաեւ պահեստավորած սննդամթերք, որը դեռ կարող է բավարարել:
Նորից վերադառնալով շահառուների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, Հանգանակը արձանագրել է հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշներ վերջին երկու ամիսների ընթացքում, որը համընկնում է շրջափակմանը: Արձանագրվել են զարկերակային հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի նոր դեպքեր, ծանրացել է հիպերնոնիկ հիվանդությունների ընթացքը, ավելացել են քրոնիկ հիվանդությունների բարդությունների քանակը: Այս բոլորը վկայում է այն մասին, որ շարունակական սթրեսները՝ կապված շրջափակման, Էլեկտրականության պարբերաբար անջատումների, գազամատակարարման խափանումների, պատերազմական սպառնալիքների հետ, որոնք անընդհատ հնչում են թշնամու հռետորաբանության մեջ, չեն կարող չազդել մարդկանց ընդհանուր առողջության վրա: Եվ պատահական չեն նաեւ մահացության բարձր ցուցանիշները, որոնք աճել են ավելի քան 3 անգամ վերջին երկու ամսվա ընթացքում:
Հետեւեք մեզ եւ իմացեք, թե Հանգանակի տարեցները ինչպես են դիմակայում շրջափակմանը: