Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:
Ռոմելան ծնվել է 1941 թվականի հունվարի 23-ին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում: Հայրը գյուղի նախագահն էր, մայրը՝ չէր աշխատում։ Ընտանիքում մեծանում էին վեց երեխա՝ 1 տղա եւ 5 աղջիկ։ Ռոմելան ընտանիքի երկրորդ երեխան էր։ Միջնակարգն ավարտելուց հետո՝ 1957 թվականին ամուսնացել եւ տեղափոխվել է Ստեփանակերտ, ուներ երկու տղա եւ մեկ աղջիկ, տղաները 1992 եւ 1994 թվականներին զոհվել են արցախյան ազգային-ազատագրական շարժման ժամանակ, իսկ աղջիկը 18 տարի ծառայել է ԱՀ ՊԲ-ի շարքերում, զորացրվելուց մի քանի տարի անց ստացել է ինսուլտ՝ հիմա անկողնային հիվանդ է։ Ռոմելան աղջկա խնամքը վերցրել է իր վրա։
Ամուսինը մահացել է 2014 թվականին՝ ոտքի գանգրենայից, ինչի պատճառով երկար տարիներ չէր կարողանում շարժվել։
Ստեփանակերտ տեղափոխվելով նա աշխատել է Ղարմետաքսկոմբինատում, այնուհետեւ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Նրա թոշակը կազմում է 128,000 ՀՀ դրամ, որից 61,000 ՀՀ դրամը՝ դրամական օժանդակություն է նրան՝ որպես զոհված ազատամարտիկների մայր։
Ռոմելան Հանգանակի շահառու է 2008 թվականից: Հանգանակի մասին նա իմացել է իր ծանոթներից։ Դիմել եւ անմիջապես գրանցվել է որպես շահառու: Պոլիկլինիկայից համարյա թե չի օգտվում, անհրաժեշտության դեպքում դիմում է Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանին։ Ռոմելան ունի սիրտանոթային եւ ճնշման հետ կապված խնդիրներ, միջողային դիսկերի ճողվածք։ Հանգանակից ստանում է Կապտոպրիլ 50մգ N20, Կոնկոր 5մգ N25, Կարդիոմագնիլ 75մգ N30, Էնալապրիլ 20մգ N30, իսկ մնացած անհարժեշտ դեղերը ինքն է ձեռք բերում։ Նա շատ գոհ է Հանգանակի իր բուժքույր Մարսելա Սարգսյանից, որը հաճախակի է զանգում ու այցելում իրեն, ժամանակին հասցնում նշանակված դեղերը։
Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։
Նա բնակվում է երեք սենյականոց բնակարանում, որը ձմռանը ջեռուցվում է էլեկտրականությամբ: Ջեռուցման վարձը վճարում է Հանգանակից ստացած ջեռուցման փոխհատուցման գումարով, իսկ մնացածը՝ իր թոշակից տնտեսած գումարից։
Նա իր շնորհակալություն է հայտնում բարերարներին, Հանգանակի տնօրինությանը եւ ողջ անձնակազմին։