Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:
Ծնվել է 1940 թվականին Հադրութի շրջանի Պետրոսաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում: Ութ տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Տող գյուղ։ Ընտանիքում մեծանում էին ութ երեխա՝ 3 տղա եւ 5 աղջիկ։ Սվետլանան ընտանիքի վեցերորդ երեխան։ Սվետլանան ունի ութամյա կրթություն։
1959 թվականին նա ամուսնանում է եւ տեղափոխվում Բաքու։ Բաքվում երկար տարիներ նա աշխատել է կարի ֆաբրիկայում՝ վայելելով բոլորի սերն ու հարգանքը։
1987 թվականին Սվետլանան եւ իր ամուսինը տեղափոխվեցին հայրենի Տող գյուղ։
2008 թվականին ամուսինը մահացավ։ Նրանք երեխաներ չունեցան։
Արցախյան երրորդ պատերազմի օրերին, երբ թուրքերը արդեն գյուղի մատույցներում էին, դա մոտովորապես հոկտեմբերի 15-16-ն էր, Սվետլանայի քրոջ տղան, ով եւս պատերազմի մասնակից էր, զգալով վտանգը իր ընտանիքի հետ նրան տեղափոխեց Երեւան՝ ընկերոջ մոտ։ Մինչեւ պատերազմի վերջը նրանք հույս ունեին վերադառնալ հայրենի գյուղ, սակայն պատերազմը դաժան ավարտ ունեցավ։ Մարվեցին նրանց բոլոր հույսերը եւ նա մնաց անօթեւան՝ Տողում թողնելով տուն ու տեղ, ամեն ինչ…
Դեկտեմբերի սկզբին Սվետլանան վերադարձավ Ստեփանակերտ։ Այժմ նա ապրում է վարձով, պետությունը փոխհատուցում է կոմունալ վճարներն ու տան վարձը։
Նրա թոշակը կազմում է 65400 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ, իսկ 27000 ՀՀ դրամը ԿԽՄԿ-ից։
Նա հիպոտոնիկ է, ընդունում է Էնապ-H, Կատվախոտի էքստրակտ, Կարդիոմագնի 75մգ։
Սվետլանան դարձավ Հանգանակի շահառու 2021թվականի մարտից: