ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի — «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Հանգանակ» ՀԿ-ն ստեղծվել է 2004 թվականին: Կազմակերպության հիմնադիրներն են գրող, լրագրող Մաքսիմ Հովհաննիսյանը և Զոյա Թորոսյանը: Կազմակերպության նպատակն է իրականացնել ծրագրեր հասարակության սոցիալապես խոցելի խավերի համար:
Կազմակերպության ծրագրի հիմնական նպատակը Ստեփանակերտում բնակվող միայնակ մեծահասակների կյանիք որակի բարելավումն է:
Միջոցառմանն ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանը՝ շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, ասել է, որ տարեցները միշտ էլ եղել են պետության ուշադրության կենտրոնում: Նրանց համար իրականացվում են մի շարք ծրագրեր, որպեսզի տարեցներն ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն հոգատար ու ջերմ մարդկանցով, լինեն խնամված:
«Մեր նախարարության համակարգում գործում է տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն, որտեղ խնամք են ստանում 170 միայնակ տարեց: Այս համատեքստում շատ ենք կարևորում «Հանգանակ» ՀԿ- դերը: Տարիներ շարունակ համագործակցելով կազմակերպության հետ իրականացնում ենք տարեցների խնամքը, ցուցաբերում բժշկական օգնություն և այլ սոցիալական ծրագրեր», — մասնավորապես ասել է նախարարի տեղակալը:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ևս շնորհավորել է ՀԿ-ի հիմնադրման 15-ամյակի առիթով:
Նա իր խոսքում ասել է. «Կազմակերպությունը շատ կարևոր առաքելություն է իրականացնում: Տարեցների հանդեպ և հատկապես միայնակ ու կարիքավոր ծերերի նկատմամբ ուշադրությունը յուրաքանչյուրիս արժանապատվության հարցն է: Տարեցները մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր ժամանակին կերտել և պաշտպանել են մեր հայրենիքը, ծնել ու սնել են սերունդներ: Այժմ ժամանակն է, որպեսզի գոնե նվազագույն ուշադրություն ցուցաբերենք տարեցների հանդեպ: Ուրախ եմ, որ կազմակերպությունը բարձր պրոֆեսիոնալիզմով այդ աշխատանքը բոլորի փոխարեն կատարում է»:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորել և արժևորել է «Հանգանակ»-ի դերն Արցախի հասարակական դաշտում ապրող տարեցների համար: Կազմկերպությունը ձեռք է մեկնում այն մարդկանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն:
Նրա խոսքով՝ տարիներ ի վեր «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպությունը մեծ աջակցություն է ցուցաբերում կազմակերպությանը:
«Հանգանակ»-ի անդամ Սվետա Արզումանյանն իր խորհին շնորհակալությունն է հայտնել կազմակերպության աշխատակիցներին, ի դեմս ղեկավար Գոհար Հովհաննիսյանի, ինչպես նաև այն բարերաներին, ովքեր հոգ են տանում տարեցների մասին:
««Հանգանակ»-ի աշխատակիցները ջերմ վերաբերմունք և հոգատարություն են ցուցաբերում մեր նկատմամբ: Մեզ համար ցուցաբերում են բազմակողմանի աջակցություն՝ սննդամթերքի, դեղորայքի, բուժսպասարկաման: Միայնակներիս համար շատ դժվար է ապրել: Կազմակերպությունն անում է ամեն ինչ, որպեսզի մեր օրն անցնի ուրախ, լինենք համախմբված, և մեզ չզգանք լքված»,- ավելացրել է Ս. Արզումանյանը:
«Հանգանակ»-ի 15-ամյա գործունեության առթիվ՝ բարեխիղճ աշխատանքի և ներդրած ավանդի համար ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանը պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնել մի խումբ անձանց:
«Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառմանը ազգային երգ ու պարով հանդես են եկել Արցախի պարի պետական և Արցախի բալիկներ համույթները: