Վոլոդյա Ա.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։

Վոլոդյան ծնվել է 1942 թվականին հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտի (այժմ Ասկերանի) շրջանի Ռեւ գյուղում: Ընտանիքի 9 երեխաներից՝ 5 տղա եւ 4 աղջիկ, Վոլոդյան 8-րդ երեխան է։ Հայրը երկար տարիներ գյուղի կոլխոզի նախագահն էր, մայրը՝ բանվորուհի։

Գյուղում ստանալով յոթամյա կրթություն՝ ուսումը շարունակել է հարեւան՝ Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, ամեն օր ոտքով իրենց գյուղից հասնում էր Խնձրիստանի դպրոց ու հետ գնում։

1959 թվականին միջնակարգն ավարտելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ եւ սկսել աշխատել Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում՝ որպես բանվոր։

1961թվականի դեկտեմբերին զորակոչվել է խոհրդային բանակ եւ ծառայել Լենինգրադ քաղաքում։

1964 թվականի դեկտեմբերին զորացրվելով՝ վերադառնում է Ստեփանակերտ ու նորից շարունակում աշխատել մանկական հիվանդանոցում, բայց այս անգամ արդեն որպես հաշվապահի օգնական։ 1974 թվականի հունվարին ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշմամբ միանման կազմակերպությունները միավորվեցին։ Այդ ցանկի մեջ մտավ նաեւ այն ժամանակվա ԼՂԻՄ առողջապահական հիմնարկները եւ այն անվանվեց մարզային առողջապահության բաժին։ Վոլոդյան էլ նշանակվեց այդ բաժնի գլխավոր հաշվապահ։ 1992 թվականին արդեն ԼՂՀ կառավարության որոշմամբ այդ բաժինը անվանվեց ԼՂՀ առողջապահության նախարարություն եւ նա էլ մինչեւ 2004 թվականի դեկտեմբերը՝ մինչեւ թոշակի անցնելը աշխատեց այդ նախարարությունում որպես գլխավոր հաշվապահ։

2005 թվականի մարտի 1-ից մինչեւ 2020 թվականի օգոստոսը եղել է Շահումյանի շրջանի բուժմիավորման գլխավոր հաշվապահը։

1967 թվականին Վոլոդյան ամուսնացել է։ Կնոջ՝ Անյայի հետ ծանոթացել է քրոջ միջոցով։ Քույրն ու կինը միասին աշխատում էին Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկայում։ 56 տարի նրանք ապրում են միասին՝ հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները։ Նրանք երեխաներ չեն ունեցել, որդեգրել են բարեկամի տղային, որն էլ սակայն 45 տարեկանում մահացել է՝ թողնելով երեք երեխա, որից փոքրը ծնվել է հոր մահից հետո։

Վոլոդյան ապրում է երկու սենյականոց բնակարանում։ Երկար տարիներ վարձով ապրելուց հետո՝ 1982 թվականին նրան տրամադրվում է սկզբից մեկ սենյականոց, որոշ ժամանակ հետո ներկայիս երկու սենյականոց բնակարանը։ Ձմռանը բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ։

Վոլոդյան Հանգանակի շահառու է 2021 թվականի մայիսից։ Նրա թոշակը կազմում է 105000 ՀՀ դրամ, որից՝ 11500 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ ։

Նա տառապում հիպերտոնիայով։ Հանգանակից նա ստանում է Տրիպլեքսամ N30, Մեզիմ ֆոռտե N20, կատվախոտի էքստրակտ N50 ։

Վոլոդյան իր խորին շնորհակալությունն է հայտնում իր բուժքույր Ռեբեկա Հակոբյանին, ով ուշադրության կենտրոնում է պահում իրեն, հաճախակի այցելում՝ զրուցում նրա հետ։

Նա իր շնորհակալությունն է հայտնում Հանգանակի բարերարներին եւ ողջ անձնակազմին, ովքեր Արցախի այս դժվար օրերին շարունակում են սատար կանգնել ու օգնության ձեռք մեկնել արցախահայությանը։