Տարեցների ծրագիրը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը

Չունենալով մշտական գրասենյակ ու դեղանյութերի եւ սննդամթերքի պահեստավորելու հնարավորություն, Հանգանակի անձնակազմը աշխատում է արտակարգ իրավիճակում: Սննդամթերքը պատվիրվում եւ հաջորդ օրը ստանալով պահեստից փաթեթավորված սահմանափակ խմբաքանակ, անմիջապես սկսվում է առաքումը: Այդպես ուրբաթ օրը պահեստից ստանալով Արարատի մարզի շահառուներին հասցեագրված սննդամթերքը, Հանգանակի թիմը առավոտից ճանապարհվեց Արտաշատ, որտեղ նրանց սպասում էր մարզի շահառուներին սպասարկող բուժքույր Մարսելա Սարգսյանը: Նա նախօրոք պայմանավորվել էր Արտաշատում եւ մոտակա 4 գյուղերում բնակվող շահառուների հետ սպասվող այցի մասին:

Այդ օրը պլանավորել էինք այցելել 8 տարեցների՝ նրանց տրամադրելով սննդամթերք եւ անհրաժեշտ դեղորայքը: Արարատի մարզում բնակվող մնացած 21 շահառուների սննադմթերքի եւ դեղորայի առաքումը, ինչպես նաեւ բժշկական սպասակումը կշարունակի Մարսելան հաջորդ մի քանի օրվա ընթացքում: Մենք այցելեցինք բոլոր 8 շահառուներին: Նրանք հիմնականում բնակվում էին վարձակալությամբ՝ Արցախից տեղահանված իրենց բարեկամների կամ հարեւանների հետ: Միայն 44-օրյա պատերազմից հետո Թաղավարդից տեղահանված եւ 2021 թվականից մեր շահառու տիկին Լարիսան ժամանակավոր կացարան էր գտել Արտաշատի մշակույթի տան մի փոքրիկ սենյակում, որը կիսում էր մի ռուս կնոջ հետ:

Մշակույթի տան ընդարձակ դահլիճը նույնպես տրամադրված էր արցախցիներին, սակայն չունենալով բնակության համար պայմաններ, այն ծառայում էր միայն որպես ժամանակավոր կացարան, մինչեւ այդ մարդիկ կգտնեն իրենց համար հարմար կացարաններ: Ավելի քան 50 արցախցիներ բնակվում էին այդտեղ մոտ երկու ամիս: Հիմա այնտեղ մնացել են տիկին Լարիսան, այդ ռուս կինը եւ դիմացի սենյակը բնակեցրած մի երիտասարդ կին, որը ինչպես մեզ ասացին, ուներ մտավոր խնդիրներ: Նրանց ասել են, որ մինչեւ մարտ պետք է ազատեն այդ սենյակները:

Ընդհանուր առմամբ, շատ ճնշող էր պատկերը: Գրեթե բոլոր շահառուները ընկճված էին եւ հուսահատ: Բայց կար մի շատ լուսավոր բան այդ ամենի մեջ: Նրանց իրենց թեւի տակ վերցրած ընտանիքները հոգատար էին նրանց նկատմամբ: Մեր այցերի մասին կպատմենք առանձին շարքով, որը անվանել ենք Բռնի տեղահանված արցախցիների պատմությունները:

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին:

Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում: