Օգոստոս ամսվա պարենամթերքը հետաձգվել է, բայց արդեն հասանելի է Ասկերանի շահառուներին

Ինչպես տեղեկացրել ենք նախորդ հաղորդագրություններում, օգոստոս ամսվա պարենամթերքը ուշացել է ֆինանսավորման բացակայության պատճառով: Սակայն մատակարարները իմանալով Հանգանակի ժամանակավոր խնդիները, պատրաստակամություն են հայտնել տրամադրել անհրաժեշտ մթերքները շահառուներին ապահովելու համար: Ստեփանակերտի շահառուների մեծ մասը արդեն ստացել են անհրաժեշտ մթերքներն ու դեղանյութերը: Իսկ սեպտեմբերի 13-ին կազմակերպվեց այց Ասկերան՝ դեղանյութերը եւ սննդամթերքը հասցնելու շահառուներին:

Թաթուլ Շեքյանը նախօրոք հայտնել էր Ասկերանի շահառուներին եւ գյուղապետերին Հանգանակի այցի մասին, ուստի Ասկերանի գրասենյակի մոտ սեպտեմբերի 13-ին ժամը 11-ին մարդիկ արդեն հավաքվել էին: Սովորականի նման արագ կազմակերպվեց օգնության տրամադրումը: Արդեն հայտնի էր Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան Հայաստանի հանրապետության սուվերեն տարածք, որի պատճառով մարդիկ շատ ճնշված եւ վրդովված էին: Մարդկանց հիմնական անհանգստությունը նոր պատերազմի սպառնալիքն էր, հետեւաբար բոլոր խոսակցությունները դրա մասին էին:

Ասկերանում վերջացնելով աշխատանքը, թիմը այցելեց նաեւ Այգեստան՝ եւս երկու շահառուների տրամադրելու պարենամթերք եւ դեղանյութեր: Հիմնականում գյուղապետերը արդեն ստացել էին իրենց գյուղացիների օգնությունը:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: