Հարցազրույցը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսին:
Օֆելյան ծնվել է 1952 թվականին Ստեփանակերտում՝ մտավորականի ընտանիքում: Հայրը ոստիկանության հետախուզության բաժնում քննիչ էր աշխատում, իսկ մայրը ամբողջ կյանքում աշխատել է թատրոնում որպես հուշարար: Ընտանիքում մեծանում էին երեք գեղեցիկ աղջիկներ: Շատ երջանիկ ու ապահով ընտանիք էին, երեխաները վայելում էին անհոգ մանկություն: Օֆելյան տան ամենափոքր ու ամենասիրված աղջիկն էր:
Օֆելյան սկզբնական կրթությունը ստացել է Գրիբոյեդովի անվան N3 ռուսական դպրոցում: 1969թ թերի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվում է Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: 1972թ ուսումնարանն ավարտելուց հետո ուղեգրվում է Ադրբեջանական Նուխի (Շաքի) քաղաքը մասնագիտությամբ աշխատելու: Երեք տարի աշխատելուց հետո վերադառնում է Ստեփանակերտ: 1976թ աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, որտեղ եւ աշխատում է մինչեւ թոշակի անցնելը:
1987 թվականին Օֆելյան ամուսնանում է, սակայն անհաջող, չորս ամսից հետո բաժանվում է եւ այդպես էլ երեխաներ չի ունենում:
Օֆելյան թոշակի է անցել 2017 թվականին ինչպես տարիքի, այնպես էլ առողջական խնդիրների պառճառով: Նա 50 տարվա աշխատանքային ստաժ ունի, թոշակը կազմում է 64.000 դրամ:
Օֆելյան ունի մեծ ընկերական շրջապատ, լավ հարաբերությունների մեջ է հարազատների հետ, քրոջ որդին ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի կոչում ունի, բայց ոչ մեկից ֆինանսական օգնություն չի ստանում: Նա ասում է, որ չի ուզում ոչ մի հարազատի անհանգստացնել: Միակ օգնությունը նա ստանում է Հանգանակից, որի շահառուն է դարձել 2017թ. մարտ ամսից: Հանգանակի մասին տեղեկացել է իր զարմուհի՝ Ռիմա Աղաջանյանից, որը նույնպես Հանգանակի շահառու է: Հանգանակը շատ է փոխել իր կյանքը, չնայած ունի առողջական խնդիրներ, բայց մասնակցում է բոլոր միջոցառումներին և ամեն անգամ արտահայտում է իր գոհունակությունը: Նա շատ մեծ հաճույք է ստացել դեպի Ամարաս կատարած էքսկուրսիայից: Ասում է, որ փորձում է բաց չթողնել Հանգանակի կողմից կազմակերպված եւ ոչ մի միջոցառում:
Օֆելյան ապրում է երկու սենյականոց բնակարանում, որը իր հայրական տունն է: Սենյակը ջեռուցում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է իր թոշակից և Հանգանակից ստացած ջեռուցման փոխհատուցման գումարից: Մթերքը հերիքում է ամբողջ ամիս: Առողջական վիճակը համարում է միջինից ցածր, տարել է սրտի վիրահատություն, միկրոինսուլտ, ունի լիմֆոստազ: Հանգանակից ստանում է Պարլազին 10 մգ N 30, Կոնկոր 5 մգ N25,Կարդիոմագնիլ 75 մգ N30, մնացած դեղերը գնում է: Պոլիկլինիկայից գրեթե չի օգտվում: Խորհրդակցվում է Հանգանակի բժշկի և բուժքույր՝ Դոնարա Մնացականյանի հետ:
Օֆելյան առանձնահատուկ գոհ է Դոնարայից, որին դիմում է նույնիսկ ոչ աշխատանքային ժամերի եւ նա միշտ օգնության է հասնում: Շատ գոհ է կազմակերպության տնօրեն Գոհար Հովհաննիսյանից, որը բազմաբնույթ է դարձնում շահարուների կյանքը:
— Հանգանակը մեզ համար Աստծո կողմից տրված պարգև է, — ասում է Օֆելյան: