2023 թվականին հոգեբանական խմբային պարապմունքները շարունակվում են

Փետրվարի 23-ին Հանգանակում տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբային խորհրդատվությունը: Ինչպես եւ հայտարարվել էր հոգեբանական խմբային պարապմունքների մեկնարկի ժամանակ՝ յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 14:00-ին Էմպաթիա հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Լալայանը Հանգանակի գրասենյակում շարունակում է անցկացնել սեանսները:  Շահառուները հաճույքով են գալիս այդ պարապմունքներին եւ ակտիվ մասնակցում են քննարկումներին:

Վերջին երկու ամիսների ընթացքում, ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով մեկ-երկու պարապմունք չեղարկվել է: Սակայն հիմնականում հոգեբանական դասընթացները կանոնավոր ընթացք ունեն: Քաղաքական լարված իրավիճակը հաճախ ինքն է թելադրում քննարկումների թեման եւ դա Արցախի ճակատագրի հարցն է: Անահիտ Լալայանը շահառուների խնդրանքով երբեմն կազմակերպում է արտթերապիայի պարապմունքներ, որոնք շեղում են շահառուներին նեգատիվ եւ լարված առօրյայից: Երբեմն շահառուները կիսվում են մթերքի սղության պայմաններում իրենց սեփական բաղադրատոմսերով եւ դա հաճելի եւ անկաշկանդ մթնոլորտ է ստեղծում, հումորներով, ուրախ տրամադրությամբ, ծիծաղով եւ սրամիտ պատմություններով: