Հունվարից մեկնարկել է Տարեցների ծրագիրը ՀՀ-ում: Բուժքույրերը սկսել են իրականացնել իրենց տնային այցերը, բժիշկը այցելել է ուշադրության առավել արժանի հիվադներին եւ կատարել համապատասխան նշանակումներ: Արդեն պատրաստ է շահառուներին անհրաժեշտ դեղանյութերի ցանկը: Մի խոսքով, ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում իրականացվել է Արցախում, սակայն հիմա նոր պայմաններում, որը, բնականաբար, հանգեցրել է նոր խնդիրների, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մասնավորապես, դեղանյութերի ձեռքբերման եւ տրամադրման համար կազմակերպությունը պետք է ունենա ՀՀ ԱՆ հավաստագիր/լիցենզիա: Լիցենզիա ունենալու համար պետք է ունենալ գրասենյակ եւ դեղանյութերի պահպանման համար համապատասխան պայմաններ: Առաջնային բուժօգնություն տրամադրելու համար կազմակերպության բուժանձնակազմը պետք է ունենա համապատասխան որակավորում՝ ըստ ՀՀ ԱՆ կրեդիտային համակարգի չափորոշիչների: Եվ սա դեռ բոլորը չէ: Իհարկե, այս բոլոր խնդիրները լուծելի են, սակայն շահառուների կարիքները պետք է բավարարել դեռ երեկ…
Այս եւ մի շարք այլ հարցերի լուծումներ գտնելու համար «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը դիմեց ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: Եվ նույն օրը՝ հունվարի 16-ին Համբարձում Սիմոնյանը ՀՕՖ-ի գրասենյակում հանդիպեց Հանգանակի պատասխանատուների հետ: Հանդիպման արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները: Ստացանք մեր բոլոր հարցերի պատասխանները: Լուծումների մասին մենք ձեզ կտեղեկացնենք հաջորդ մեր հրապարակումներում:
Հետեւեք մեր կայքին եւ առաջինը կիմանաք կազմակերպության նորությունները: