2025 թվականի տարվա ամփոփում

«Հանգանակ» ՀԿ-ն և Տարեցների աջակցության ծրագիրը․ խնամքի, գործընկերության և կարևոր ձեռքբերումների տարի

2025 թվականի ավարտին «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հպարտությամբ է ամփոփում մի տարի, որը նշանավորվեց զգալի առաջընթացով, ամրապնդված գործընկերություններով և Տարեցների աջակցության ծրագրի շրջանակում շարունակական նվիրված աշխատանքով։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ բարելավել տարեցների կյանքի որակը՝ նկատի ունենալով նրանց ֆիզիկական, հոգեկան և սոցիալական առողջությունը, անցնող տարում մեկ անգամ ևս համոզվեցինք , որ արժանապատիվ ծերությունը պահանջում է համապարփակ և հոգատար մոտեցում։

2004 թվականի նոյեմբերի 29-ից սկսած, երբ հիմնադրվեց կազմակերպությունը, Տարեցների աջակցության ծրագիրը մեր հիմնարար ծրագրերից է երկարաժամկետ, համայնքահեն ծառայություններով աջակցելով խոցելի և տնային պայմաններում խնամք ստացող տարեցներին։ 2025 թվականին, չնայած Արցախից բռնի տեղահանման հետևանքով ծագող դժվարություններին, <<Հանգանակ>>-ը շարունակեց հարմարվել, վերակառուցվել և ծառայել՝ հանդես բերելով տոկունություն, համառություն ու պատասխանատվության։

 

Սննդային ապահովություն և ամենօրյա խնամք

Սննդային աջակցությունը մնում է ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը։ Տարեց շահառուներին տրամադրվող ամսական հիմնական սննդային փաթեթները ձեռք են բերվում Հայ կանանց բարեկեցության միության (AWWA-Inc.) կողմից հատկացված միջոցներով։

Բացի այդ, 2024 թվականի հունվարից ի վեր «Մարտիկ» հիմնադրամը ամեն ամիս տրամադրում է չրեր և թխվածք՝ լրացնելով հիմնական սննդային փաթեթները, քաղցրացնելով մեր շահառուների օրը։ «Հանգանակ»-ի միջոցառումների ժամանակ նույն հիմնադրամը տարեցների համար փոքրիկ հյուրասիրություններով նպաստում է ջերմ ու մտերմիկ մթնոլորտի ստեղծմանը։

 

Առողջապահական ծառայություններ և տնային այցեր

Ծրագրի հիմքում ընկած է «Հանգանակ»-ի առողջապահական անձնակազմի աշխատանքը։ Տարվա ընթացքում մեր բժիշկն ու բուժքույրերը իրականացրել են կանոնավոր տնային այցեր՝ վերահսկելով տարեցներիների առողջական վիճակը՝ չափելով արյան ճնշումը, գլյուկոզայի մակարդակը և թթվածնային հագեցվածությունը։ Նրանք օգնել են դեղորայքի ճիշտ ընդունմանը, տրամադրել խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուներին տարածքային պոլիկլինիկաներ։Այս անհատական և հոգատար մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն արձագանքել առկա խնդիրներին, այլև կանխարգելել բարդությունները և պահպանել առողջությունը։

 

Հոգեսոցիալական, կրթական և համայնքային գործունեություն

2025 թվականին Տարեցների աջակցության ծրագիրը շարունակեց ընդլայնվել՝ հաշվի առնելով հոգեկան և սոցիալական առողջության կարևորությունը։ Մեր շահառուները մասնակցեցին բազմազան և զորացնող նախաձեռնությունների, այդ թվում՝

  1. Առողջ ապրելակերպի աշխատարաններ՝ ուղղված կանխարգելմանը, ինքնախնամքին և ակտիվ ծերացմանը
  2. Խմբային և անհատական հոգեբանական խորհրդատվություն՝ իրականացված մեր վստահելի գործընկերոջ՝ «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի կողմից՝ ապահովելով անվտանգ միջավայր զգացմունքային վերականգնման համար
  3. Արվեստաթերապիայի հանդիպումներ՝ նպաստելով ինքնարտահայտմանը և հոգեկան բարեկեցությանը
  4. Անգլերենի դասընթացներ, որոնք սկսվել և իրականացվել են «Հանգանակ»-ի կամավորների ներգրավմամբ՝ խթանելով շարունակական ուսումնառությունը, ինքնավստահությունն ու սոցիալական շփումը։

Այս նախաձեռնությունները նպաստել են սոցիալական կապերի ամրապնդմանը, մեկուսացման նվազեցմանը և կյանքի իմաստի վերականգնմանը։

 

2025 թվականի կարևոր ինստիտուցիոնալ ձեռքբերում

Տարվա ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն այն էր, որ 2025 թվականին «Հանգանակ» բարեգործական ՀԿ-ն ստացավ պետական լիցենզիա՝ տնային պայմաններում խնամքի համապարփակ ծառայություններ տրամադրելու համար։ Այս ճանաչումը կարևոր քայլ է կազմակերպության զարգացման ճանապարհին, ինչը հնարավորություն տվեց ապահովելու ավելի որակյալ տնային խնամք առավել խոցելի տարեցների համար։ Այս ձեռքբերումը ամրապնդում է ծրագրի կայունությունն ու վստահելիությունը և բացում նոր հեռանկարներ կազմակերպության զարգացման համար։

 

Շնորհակալություն Հայ կանանց բարեկեցության միություն (AWWA-ին․) 21 տարվա գործընկերություն

Մեր տոկունության և շարունակական զարգացման հիմքում կանգնած է Հայ կանանց բարեկեցության միությունը (AWWA-Inc.), որի ավելի քան 21 տարվա անընդհատ հովանավորությունը հնարավոր է դարձրել Տարեցների աջակցության ծրագրի իրականացումը։ Պատերազմի, շրջափակման, բռնի տեղահանության և վերականգնման բոլոր փուլերում միության վստահությունն ու նվիրվածությունը հնարավորություն են տվել մեզ շարունակել ծառայել տարեցներին։ Հայ կանանց բարեկեցության միությունը մեզ համար պարզապես միմիայն նվիրատու չի եղել։ Նա մեր հաստատուն գործընկերն է խնամքի, մարդասիրության և հույսի ճանապարհին։

 

Մեր թիմի գնահատումը

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Հանգանակ»-ի նվիրված աշխատակազմին, որի ջանքերով իրականացնում ենք մեր առաքելությունը՝ անգամ ամենադժվար պայմաններում։ Շնորհակալ ենք նաև կամավորներին և գործընկեր կազմակերպություններին՝ «Մարտիկ» հիմնադրամին և «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնին, որոնց հետ համագործակցությունը հարստացնում է մեր գործունեության յուրաքանչյուր բաղադրիչը։

Տարվա այս ամփոփումը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել տարեցների արժանապատվության պահպանման, հույսի վերականգնման և կյանքի որակի բարելավման գործում։ Միասին մենք առաջ ենք շարժվում՝ գալիք տարում նույն եռանդով աշխատելու հաստատակամությամբ։