Հանգանակի «Առողջ ապրելակերպ» շարքը շարունակում է անդրադառնալ գերոնտոլոգիայի ոլորտում առավել կարևոր թեմաներին։ Վերջին պարապմունքը, որը վարեց բժիշկ Լիլիա Սեյրանյանը, նվիրված էր տարեցների շրջանում ամենատարածված և լուրջ խնդիրներից մեկին՝ անկումներին։
Ծերաբանական տեսանկյունից անկումը պարզապես պատահական դեպք չի։ Դա լուրջ առողջական ռիսկ է, որը կարող է էապես ազդել շարժունակության, ինքնուրույնության և կյանքի որակի վրա։ Պարապմունքի ընթացքում բժիշկ Սեյրանյանը բացատրեց, որ անկումները հաճախ պայմանավորված են մի շարք գործոններով՝ տարիքային մկանային թուլություն, հավասարակշռության խանգարումներ, տեսողության խնդիրներ, քրոնիկական հիվանդություններ, արյան ճնշման տատանումներ, հոդային հիվանդություններ, որոշ դեղամիջոցների ազդեցություն, ինչպես նաև միջավայրի վտանգավոր պայմաններ (վատ լուսավորություն, անհարթ հատակներ և այլն)։
Նա ընդգծեց, որ անկումը հաճախ ազդանշան է օրգանիզմում առկա խորքային խնդիրների մասին։ Բացի ֆիզիկական վնասվածքներից, անկումները կարող են առաջացնել շարժվելու վախ, ակտիվության նվազում և սոցիալական մեկուսացում։ Այդ պատճառով կանխարգելումը կարևոր է ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական և սոցիալական տեսանկյունից։
Քննարկումը շատ ակտիվ էր․ մասնակիցները կիսվում էին իրենց փորձով և հետաքրքրված հարցեր էին ուղղում։ Բժիշկ Սեյրանյանը ներկայացրեց կանխարգելման կարևոր քայլերը՝ կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, հավասարակշռության զարգացում, արյան ճնշման վերահսկում, դեղամիջոցների վերանայում, բնակարանի անվտանգ պայմանների ապահովում և բալանսավորված սնունդ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև իրականացրին հատուկ ֆիզիկական վարժություններ մեր կինեզիոթերապևտ Անուշ Շեքյանի ղեկավարությամբ։ Վարժությունները նպատակ ունեին ամրացնել մկանները, բարելավել կոորդինացիան և մարմնի հավասարակշռությունը։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցեցին, ակտիվորեն կատարեցին շարժումները և նույնիսկ խոստացան շարունակել այդ վարժությունները ամեն օր՝ իրենց առողջությունն ու շարժունակությունը պահպանելու համար։
Ինչպես միշտ, ուսուցողական հատվածից հետո օրը շարունակվեց ջերմ և համախմբող մթնոլորտում։ Հանգանակի թիմը պատրաստեց առողջարար գազարով աղցան, որը հարուստ է վիտամիններով և մանրաթելերով։ Գազարը բետա-կարոտինի և հակաօքսիդանտների կարևոր աղբյուր է, նպաստում է տեսողության, իմունային համակարգի և մարսողական առողջության պահպանմանը։
Ճաշից հետո մասնակիցները վայելեցին թեյ և սուրճ՝ թարմ մրգերի և ցածր կալորիականությամբ աղանդերի ուղեկցությամբ։ Օրը ավարտվեց ուրախ, ակտիվ և մտերմիկ մթնոլորտում։
Հանգանակում մենք հավատում ենք, որ առողջ ծերացումը սկսվում է իրազեկվածությունից, կանխարգելումից և ամենօրյա փոքր քայլերից։ Այս հանդիպումների միջոցով մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին՝ օգնելով նրանց պահպանել իրենց առողջությունն ու անկախությունը:

