«Առողջ ապրելակերպ» պարապմունքները Հանգանակում շարունակվում են․ գիտելիք, խնամք և միասնականություն

Հունվար ամսին Հանգանակում մեկնարկեց «Առողջ ապրելակերպ» դասընթացների շարքը, և արդեն անցկացվել են երկու կարևոր ու սպասված հանդիպումներ: Դրանք  անդրադարձան տարեցների առողջությանը վերաբերվող երկու կարեւոր թեմաների։ Դասընթացները վարել է Հանգանակի բժիշկ Լիլիա Սեյրանյանը, և դրանք ուղեկցվել են շահառուների մեծ հետաքրքրությամբ և ակտիվ մասնակցությամբ։

Առաջին պարապմունքը նվիրված էր սակավարյունությանը (անեմիային) ծերաբանական տեսանկյունից։ Բժիշկ Սեյրանյանը մանրամասն ներկայացրեց տարեց տարիքում սակավարյունության հիմնական պատճառները, ախտանիշները, հնարավոր բարդությունները և կանխարգելման ուղիները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ճիշտ սննդակարգին՝ ընդգծելով երկաթով և օգտակար սննդանյութերով հարուստ մթերքների դերը առողջության պահպանման գործում։ Քննարկումը շատ ակտիվ էր․ շահառուները բազմաթիվ հարցեր էին տալիս և կիսվում իրենց անձնական փորձով։

Երկրորդ պարապմունքը նվիրված էր անքնությանը, որը հատկապես արդիական թեմա է, քանի որ շահառուների մեծ մասը բախվում է քնի խանգարումների հետ։ Բժիշկ Սեյրանյանը պարզ և հասկանալի կերպով ներկայացրեց քնի փուլերը, դրանց ընդհատումները, անքնության հիմնական պատճառները տարեցների շրջանում, ինչպես նաև խոսեց քնի հիգիենայի կարևորության մասին՝ առօրյա սովորություններ, որոնք նպաստում են լավ քնին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև քնի հորմոնին՝ մելատոնինին, նրա դերին և կիրառման առանձնահատկություններին։ Այս թեման ևս մեծ արձագանք ունեցավ, և քննարկումը դարձավ բաց, կենդանի և շատ բովանդակալից։

Յուրաքանչյուր պարապմունքից հետո ուսուցումը շարունակվեց ավելի ազատ և ջերմ միջավայրում։ Հանգանակի թիմի հետ միասին խումբը պատրաստեց առողջ սնունդ, վերածելով ստացված գիտելիքը գործնական փորձի։ Վերջին հանդիպման ընթացքում շահառուների ընտրությամբ պատրաստվեց բազուկով աղցան՝ սխտորով և ընկույզով։

Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև հատկապես օգտակար տարեցների համար։ Բազուկը նպաստում է արյունաստեղծմանը և արյան շրջանառության բարելավմանը, ինչի շնորհիվ այն կարևոր է սակավարյունության դեպքում։ Այն հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են մարսողական համակարգին և նպաստում կանխարգելել փորկապությունը՝ տարեց տարիքում հաճախ հանդիպող խնդիր։ Սխտորը նպաստում է սիրտանոթային համակարգի առողջությանը և իմունային համակարգի ամրապնդմանը, իսկ ընկույզը ապահովում է առողջ ճարպեր, սպիտակուց և կարևոր միկրոտարրեր, որոնք նպաստում են ուղեղի և սրտի առողջությանը։

Այս երկու առաջին պարապմունքները վստահ և ոգեշնչող սկիզբ դրեցին «Առողջ  ապրելակերպ» շարքին Հանգանակում։ Դրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ առողջության մասին կրթությունը առավել արդյունավետ է, երբ այն համադրում է մասնագիտական մոտեցումը, բաց երկխոսությունը, գործնական հմտությունները և մարդկային ջերմ շփումը։ Մենք անհամբեր սպասում ենք շարքի շարունակությանը՝ միասին սովորելով, աջակցելով միմյանց և ապահովելով խնամքը թե՛ ֆիզիկական առողջության, թե՛ ընդհանուր բարեկեցության համար:

230_5
230_4
230_3
230_6
230_7
230_9
230_8