Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ ֆինանսական խմբի 2022 թվականի առաջին հանդիպումը։ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռեւս հունվարի 7-ին, որի ժամանակ քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում խորհրդակցությունների հաճախականությունը եւ օրացույցը։ Այսպիսով որոշվել է, որ ֆինանսական խմբի հանդիպումները կիրականացվեն ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրը։
Ֆինանսական խմբի առաջին հանդիպումը կայացավ ըստ նախատեսված գրաֆիկի։ Քննարկվեցին ընթացիկ տարվա ներկայացված բյուջեն, ինչպես նաեւ Ավրորա եւ Կոլումբոս հիմնադրամներից ստացած դրամաշնորհների բաշխումը։ Քննարկվեցին նաեւ դեղանյութերի եւ մթերքի գնաճի հետ կապված մարտահրավերները, շահառուներին դեղանյութերով եւ բժշկական պարագաներով ապահովման հնարավոր այլ ուղիներ։
Խոսելով Ավրորա հիմնադրամից ստացված դրամաշնորհի մասին, ներկայացվեց Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում Տարեցների ծրագրի ներդրման հնարավորությունը։ Վերջին զարգացումներից հետո այդ ծրագրերը դարձել են ավելի իրատեսական։
Որոշվեց, որ Հանգանակի աշխատակազմի համար նախատեսված դասընթացները կշարունակվեն նաեւ 2022 թվականին։ Բացի դրանից դասընթացներ կկազմակերպվեն ՀՕՖ-ի հետ համատեղ, վերջիններիս ֆինանսավորումը՝ ըստ նախնական համաձայնության, ամբողջությամբ իր վրա կվերցնի ՀՕՖ-ը։
Առաջարկվեց վերանայել 2021-ին ներկայացված բյուջեն՝ նոր մարտահրավերների պայմաններում։ Մինչեւ հաջորդ նախատեսված հանդիպումը՝ փետրվարի 16-ին, վերջնական բյուջեն կքննարկվի եւ կհաստատվի ՀԿԲՄ խորհրդի կողմից։