ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ ըստ նախատեսված ժամանակացույցի:
Խորհրդակցությունը վարում էր Մարգարիտ Քիլաջյանը: Քննարկումը սկսվեց ներկայացնելով COVID-ի հետ կապված իրավիճակը աշխարհում եւ մասնավորապես Արցախում: Ասվեց, որ վերջին օրերին իրավիճակը բարդացել է, թեստերի ընդհանուր թվի 45-50 տոկոսը դրական է: Ստացիոնար բուժում են ստանում 60 քաղաքացի, որոնցից 21-ը՝ վերակենդանացման բաժանմունքում: Հանգանակի աշխատակիցներից նույնպես վարակվել են, բայց, բարեբախտաբար, թեթեւ ընթացքով են տարել հիվանդությունը: Վակցինացիան կատարվում է, բայց ոչ բավարար քանակությամբ: Մարդիկ դժկամությամբ են համաձայնվում պատվաստվելու:
Վերջին մի քանի հանդիպումների ժամանակ քննարկվում էր անգլերենի դասընթացների հարցը Հանգանակի աշխատակիցների համար: Ենթադրվում է, որ դա առավել արդյունավետ կդարձնի հաղորդակցությունը քննարկումների ժամանակ: Նախնական որոշվել է ընդգրկել երեք աշխատակիցների, որոնք պետք է մասնակցեն 2022 թվականի ընթացքում երեք անգամ երեքամսյա դասընթացների: Յուրաքանչյուր դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում են քննություն եւ ստանում համապատասխան մակարդակի անգլերենի իմացութան վկայական: Ըստ նախնական պայմանավորվածության դասընթացների սկիզբը կլինի ապրիլին:
Էլեկտրաէներգիայի գեներատորի անհրաժեշտությունը քննարկվեց եւ միաձայն որոշվեց այն ներառել 2022 թվականի բյուջեում: Հարցի վերջնական քննարկումը կլինի ՀԿԲՄ խորհրդի առաջիկա նիստում:
Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից կազմակերպվող դասընթացները նախատեսվում են մարտի 4-6-ը՝ կազմակերպության երեւանյան գրասենյակում: Դասընթացների ֆինանսավորումը ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀՕՖ-ը:
Հակիրճ քննարկվեց 2022 թվականի բյուջեի հետ կապված մի քանի հարց: Այն վերջնական կհաստատվի ՀԿԲՄ խորհիդի առաջիկա նիստում՝ այլ հարցերի հետ միասին:
Ավրորա հիմնադրամի կողմից ստացված դրամաշնորհի կապակցությամբ ասվեց, որ հնարավոր է այդ գումարի մի մասը ծախսվի Տարեցների ծրագիրը Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում իրականցնելու համար: Նախատեսվում է հանդիպում Ավրորա հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Նարինե Աղաբալյանի հետ:
Վերջում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: