«Հանգանակը» գրեթե ավարտել է պարենամթերքի բաշխումը թե՜ Երևանում , թե՜ մարզերում։ Այս աջակցության կարիքն առանձնապես սուր զգացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։ Շահառուներին տրամադրված պարենային փաթեթներով, պարզ է, հնարավոր չէ առատ տոնական սեղան բացել։ Այդկերպ կազմակերպությունը մեկ անգամ ևս ընգծում է, որ իր խնամքի տակ գտնվող տարեցները մոռացված չեն, մենակ չեն, ինքը մշտապես նրանց կողքին է՝ սատարելով և նյութապես, և հոգեպես։
«Հանգանակի» անձնակազմը ձգտել է պարենային փաթեթը հասցնել յուրաքնչյուր շահառուի։ Անկողնային և տեղաշարժման սահմանափակ կարողություններով շահառուների փաթեթները մեր թիմը տարել է անմիջապես տուն՝ փոխանցելով անսահման, չփաթեթավորված ջերմություն, լավ տրամադրություն։ Նախատոնական օրերին նման այցերը խիստ կարևոր են, քանի որ միայնության զգացումը կարող է ավելի սուր դրսևորվել, հետևաբար մարդկային շփումը, սրտացավ ու կարեկից վերաբերմունքը առավել քան անհրաժեշտ են։
Որոշ շահառուներ նախընտրել են այցելել «Հանգանակի» գրասենյակ՝ ստանալու պարենային փաթեթը։ Անկեղծ մթնոլորտը, ժպիտներն ու սրտառուչ զրույցները մի պահ կարծես մոռացնել են տալիս թե՜ մեր թիմին, թե՜ մեր տարեցներին այն դառն ու աղետալի օրերը, որոնց միջով ստիպված ենք եղել անցնել արցախցիններս, ցույց տալիս, որ բոլորս մի ընտանիք ենք՝ խաղաղություն տենչացող, տունդարձի չմարող հույսով ապրող։
«Հանգանակ»-ն ամփոփում է տարին՝ հավատարիմ իր առաքելությանը՝ կանգնել տարեց շահառուների կողքին, շրջապատել նրանց սիրով և ուշադրությամբ։ Մենք շարունակում ենք լույս ու սեր տանել ամեն մի տուն,սիրտ ու սեղան՝ մանավանդ տոներին։

