Վերջին հոգեբանական թերապիայի պարապմունքը նույնպես նվիրված էր Արցախի քարտեզի վերարտադրմանը։ Ընդամենը երկու շրջան է մնացել եզրակարելու եւ ամբողջական քարտեզը կլինի ավարտված։ Տիկին Աիդան ճանաչվել է լավագույն կարող եւ նա ձեռնմուխ եղավ ամենամեծ՝ Քաշաթաղի շրջանի եզրակարելուն։ Իսկ Շուշիի շրջանը, որ ամենափոքրն է, մասնակիցները հերթով եզրակարում էին, ամեն մեկը մի փոքրիկ մաս։ Այս հանդիպմանը խոստացել էինք անակնկալ եւ դա շնորհալի երգչուհի Ֆիրուզա Արզումանյանի ելույթն էր։
Հանպատրաստից մեկ անակնկալ նույնպես ստացվեց՝ դա ՀԿԲՄ խորհրդի նախկին անդամ, բարեգործ Մարգարեթ Քիլաջյանի այցն էր։ Նա սոցիալական ցանցերից տեղեկացել էր մեր շահառուների կողմից Արցախի քարտեզի վերարտադրելու մասին եւ եկել էր անձամբ տեսնելու նրանց հաջողությունը։ Մարգարեթը Հանգանակի լավագույն բարեկամն է, նա անձամբ այցելել եւ ճանաչում է մեր շահառուներից շատերին։ Ինչքան եղավ նրա ուղախությունը, երբ նա կրկին հանդիպեց տիկին Աիդային, որին նա անձամբ այցելել էր 2021-ին Նորագյուղում։
Հանդիպումը շատ հետաքրքիր եւ բազմաշերտ ստացվեց։ Մի մասը զբաղված էր կարելով, մյուսը՝ միացնում էր քարտեզի արդեն եզրակարված շրջանները, Մարգարեթի հետ իրենց հույզերն էին կիսում մյուսները, իսկ Ֆիրուզան իր հրաշալի ձայնով ամբողջացնում էր պահի կարեւորությունը։ Մենք վստահաբար կարող ենք ասել, որ այս հանդիպումը դեռ երկար կմնա մեր շահառուների հիշողությունում։
Դոկտոր Լալայանը մասնակիցների օգնությամբ միացրեց բոլոր շրջանները եւ քարտեզը արդեն պատրաստ է։ Մնում է միայն ամրացնել թղթին եւ հանդիսավոր կախել պատին։ Այս արարողությունը որոշվեց հետաձգել հաջորդ հանդիպմանը։
— Սա սովորական քարտեզ չէ,— ասաց տիկին Իսկուհին, սա կենդանի քարտեզ է։ Մենք՝ ամեն մեկս, մեր մատներով կտորին ենք հաղորդում մեր մտքերը, մեր հույզերը, ապրումները եւ ցավը, բայց ամենակարեւորը մեր անսասան հույսը, եւ այս ամենը առարկայանում է քարտեզի մեջ։ Քարտեզը նման է մեր ժողովրդին, նա ամփոփում է իր մեջ տարբեր կարծիքներ, տարբեր բնավորություններ, տարբեր ճակատագրեր, տարբեր աշխարհագրություն։ Տեսեք ինչքան տարբեր են մեր մասնակիցները՝ Հադրութից, Մարտակերտից, Բերձորից, Ստեփանակերտից, Նորագյուղից, Ջավախքից, Սիրիայից, Հայաստանից, որ բախտի բերումով հայտվել էինք Արցախում․․․ Մեր ժողովրդի աշխարհագրությունն է սա, միասնական եւ անքակտելի։ Բայց ամենակարեւորը՝ մեր մատներով մենք մեր սերը եւ ջերմությունն ենք հաղորդում քարտեզին։ Մենք սիրում ենք մեր հողը, մեր երկիրը, մեր հավատքը, մեր եկեղեցին։ Մենք էլ այս ձեւով ենք պաշտպանում մեր սահմանները, եզրակարելով եւ ամրապնդելով։ Մենք զինվոր չենք, բայց մենք էլ այսպես ենք կարողանում կռվել մեր ազատության համար, մեր սահմանների պաշտպանության համար, մեր ապահովության համար․․․
Հետեւեք մեր թարմացումներին եւ եղեք տեղեկացված Հանգանակի մարդասիրական առաքելությանը:

