Կան իրեր, որոնց արժեքը շատ ավելին է, քան նրանց գեղեցկությունը։ Գորգը կարող է իր մեջ պահել հայրենիքի հիշողությունը, այն գործած ձեռքերի ջերմությունն ու սերնդեսերունդ փոխանցվող ընտանիքի պատմությունը։
Հենց այս կապերն էին առանձնահատուկ իմաստ հաղորդում «Հանգանակ» ՀԿ-ի կազմակերպած այցելությանը Երևանի «Մեգերյան կարպետ» գորգագործական գործարան և թանգարան։ Թանգարանի տնօրինության սիրալիր աջակցությամբ մեր շահառուները՝ Արցախից բռնի տեղահանված տարեցները, հնարավորություն ունեցան անվճար այցելելու այս հիշարժան վայրը։
Նրբահյուս գորգերի, ավանդական դազգահների և գունավոր թելերի միջավայրում մենք լսում էինք ուղեկցորդի պատմությունը թանգարանի և Մեգերյան ընտանիքի մասին։ Այն խոր տպավորություն թողեց թե՛ մեր շահառուների, թե՛ «Հանգանակի» աշխատակիցների վրա՝ մեզ ավելի մոտեցնելով ցուցանմուշների հետևում ապրող մարդկային պատմություններին ու ավանդույթներին։
Մեգերյան ընտանիքն իր գործունեությունը սկսել է 1917 թվականին Նյու Յորքում՝ զբաղվելով հին գորգերի վերանորոգմամբ և առևտրով։ Սերունդների ընթացքում այդ աշխատանքը վերածվել է հայկական գորգագործությունը պահպանելու և շարունակելու առաքելության։ Այսօր Երևանյան կենտրոնը մեկտեղում է գործող գորգագործական գործարանն ու թանգարանը, որտեղ պատմական գորգերի կողքին շարունակում է ապրել դրանք ստեղծող արհեստը։
Թանգարանի հավաքածուում տեղ են գտել նաեւ գորգեր Արևմտյան Հայաստանից և Արցախից։ Ամենահուզիչ պատմություններից մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրած մի գորգի մասին է․ մայրը այն բաժանել էր երկու մասի և յուրաքանչյուր դստերը տվել մի կեսը՝ հույսով, որ բաժանվելու դեպքում դրանք կօգնեն աղջիկներին գտնել միմյանց։ Այս պատմության մեջ տան սովորական մի իր դարձել էր ընտանեկան կապը պահպանելու և վերամիավորման հույսը չկորցնելու միջոց։
Մարդկանց համար, որոնց կյանքը նույնպես նշանավորվել է բռնի տեղահանությամբ, նման պատմություններին անդրադառնալը առանձնահատուկ նրբանկատություն է պահանջում։ Մեր տարեցները գիտեն, թե ինչ է նշանակում թողնել տունը, հեռանալ այն վայրերից ու իրերից, որոնք պահում էին մի ամբողջ կյանքի անմոռանալի պահերը։ Արցախյան գորգերի ցուցադրությունը կապում են նրանց հայրենիքի հետ՝ վկայելով այստեղ պահպանվող հայկական մշակութային ժառանգության մեջ Արցախի անքակտելի տեղի մասին։
«Արցախյան գորգերը տեսնելն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Դրանք մեզ կապում են մեր հայրենիքի և մեր կյանքի այն հատվածի հետ, որը միշտ մեզ հետ ենք կրում։ Շնորհակալ եմ, որ այս այցելությունը հնարավոր դարձրիք», – ասաց տիկին Արեգան։
Թանգարանային ոչ մի այցելություն չի կարող մեղմել տեղահանության ողջ ցավը։ Սակայն մխիթարություն կա այն գիտակցության մեջ, որ հայրենիքի արվեստն ու ավանդույթները հոգատարությամբ պահպանվում են, դրանց ակունքները չեն մոռացվում, իսկ պատմությունները շարունակում են փոխանցվել։ Այս գորգերը պահում են դրանք ստեղծած և դրանցով իրենց տները զարդարած մարդկանց կյանքի հետքերը։ Մեր տարեցները նույնպես կրում են գիտելիքներ, հիշողություններ ու ավանդույթներ, որոնք արժանի են լսվելու և հաջորդ սերունդներին փոխանցվելու։
«Մոր և նրա երկու դուստրերի պատմությունն ինձ շատ հուզեց։ Այն ինձ հիշեցրեց, թե որքան թանկ են այն իրերը, որոնք մեզ կապում են մեր ընտանիքների հետ։ Շնորհակալ եմ մեր ուղեկցորդին՝ այս պատմություններն այդքան հոգատարությամբ ներկայացնելու համար», – նշեց տիկին Աիդան։
«Հանգանակում» մենք ձգտում ենք մեր ամենօրյա աջակցության կողքին տեղ հատկացնել նաև այս կարևոր կապերին։ Միասին ժամանակ անցկացնելը, գեղեցիկը բացահայտելն ու հիշողությունները կիսելու հնարավորություն ունենալը մեր տարեցների հանդեպ հոգատարության կարևոր մասն են։ Այս այցելությունը մեզ պարգևեց նոր գիտելիքներ ու ջերմ ընկերակցություն՝ հնարավորություն տալով գնահատելու այն վարպետությունն ու նվիրումը, որոնց շնորհիվ հայկական գորգագործությունը շարունակում է ապրել։
«Շնորհակալություն «Հանգանակին»՝ մեզ համախմբելու, իսկ թանգարանին՝ այսքան ջերմ ընդունելու համար։ Հաճելի էր այս օրը միասին անցկացնել և զգալ, որ մեր պատմությունը հիշվում ու արժևորվում է», – ասաց տիկին Կարինան։
«Հանգանակ» ՀԿ-ի և մեր շահառուների անունից սրտանց շնորհակալություն ենք հայտնում «Մեգերյան կարպետ» գորգագործական գործարանի և թանգարանի տնօրինությանը՝ այս այցելությունը կազմակերպելու համար։ Շնորհակալ ենք մեր ուղեկցորդին և ողջ անձնակազմին՝ ջերմ հյուրընկալության ու հավաքածուի պատմությունն այդքան մանրամասն ներկայացնելու համար։ Ձեր դռները բացելով մեր տարեցների առջև՝ դուք նրանց հնարավորություն տվեցիք հաղորդակցվելու հայրենիքի մշակութային ժառանգությանը, միասին ժամանակ անցկացնելու և զգալու, որ իրենք սպասված են ու շրջապատված հոգատարությամբ։

