Հանգանակի ջերմ հանդիպումը Մարգարեթ Քիլաջյանի հետ

Մենք առաջին անգամ հանդիպեցինք Արցախում, դա 2021 թվականի հոկտեմբեր ամիսն էր: Աշնանային ցուրտ օր էր, սակայն նա տրամադրված էր վճռական՝ «Պետք է այցելենք մեր շահառուներին սահմանամերձ գյուղերում»: Արդեն բավական ուշ էր շրջան մեկնելու համար, սակայն դա նրան իր որոշումից հետ չպահեց եւ մենք մեկնեցինք Նորագյուղ, հետո Շոշ, Սարուշեն եւ արդեն ուշ երեկոյան վերադարձանք Ստեփանակերտ: Սարուշենի ճանապարհին մենք հանդիպեցինք ռուս խաղաղապահների, իսկ 200 մետր հեռավորության վրա ծածանվում էր թշնամու դրոշը եւ մեզ էին հասնում նրանց զինվորների աղմկոտ ձայները: Բայց նա ոչ մի րոպե չհապաղեց, ցանկանում էր իր աչքով տեսնել, թե ինչ ճանապարհ պետք է հաղթահարեն արցախցիները՝ Ստեփանակերտից իրենց հայրենի գյուղերը հասնելու համար: Նա տեսավ մասնատված Արցախը եւ չէր կարող թաքցնել իր ցավի եւ վրդովմունքի արցունքները: Իր կարճ այցի ընթացքում նա հանդիպեց մի քանի տասնյակ շահառուների Ստեփանակերտում՝ գրասենյակում եւ տնային այցերի ժամանակ, եւ գյուղերում:

Հետո մենք ունեցանք բազմաթիվ հանդիպումներ՝ ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի Zoom հարթակում կազմակերպվող առցանք ժողովների ժամանակ, էլի մի քանի անգամ Ստեփանակերտում, սակայն ավելի հաճախ մենք հանդիպում էինք Երեւանում:

ՀԿԲՄ խորհուրդը այժմ ունի նոր կազմ եւ Մարգարեթը զբաղված է այլ մարդասիրական ծրագրերով, սակայն մեր կապը նրա հետ շարունակվում է, որովհետեւ նա ընդմիշտ մնացել է Հանգանակ ընտանիքի սիրված եւ պատվավոր անդամ:

Մեր վերջին հանդիպումը Երեւանում շատ սրտառուչ էր: Արցախի արտագաղթից հետո չէինք հանդիպել: Նա հարցնում էր, իսկ մենք պատմում էինք, հիշում եւ կրկին միասին հուզվում: Նա զարմանալիորեն մանրամասն հիշում էր իր այցելած բոլոր շահառուներին եւ ուզում էր իմանալ նրանց բոլորի ճակատագրերի մասին: Շատ ուրախացավ՝ իմանալով, որ գրեթե բոլորը շարունակում են օգտվել մեր ծառայություններից:

Հաջորդ օրը Մարգարեթը այցելեց Հանգանակի գրասենյակ, որտեղ նա հանդիպեց տիկին Աիդային: Նրանք հանդիպել էր Նորագյուղում՝ 2021-ի աշնանը իր կատարած առաջին այցելության ժամանակ…

Հետեւեք մեզ նաեւ սոցիալական կայքերում եւ եղեք տեղեկացված մեր թարմացումներին: