Արմավիրի մարզի հերթական այցը սահմանափակվեց Էջմիածին քաղաքով: Հանգանակի թիմը այցը կազմակերպեց օրվա երկրորդ կեսին, որպեսզի բժիշկ Լիլիա Սեյրանյանը նույնպես կարողանա մասնակցել շահառուների բժշկական խորհրդատվությանը: Վանաձորում կատարած այցի ժամանակ պարզ դարձավ, որ ոչ բոլոր շահառուներն են կարողանում օգտվել տեղամասային պոլիկլինիկաների կողմից տրամադրվող դեղանյութերից: Այդ առումով, լինելով տեղամասային բժիշկ, Լիլիա Սեյրանյանը խնդրի կարգավորման համար կարող է շահառուներին եւ նրանց սպասարկող քույրերին ավելի ճիշտ խորհուրդ տալ: Միանշանակ Արցախից տեղահանված տարեցները կարող են օգտվել պետության կողմից անվճար տրամադրվող դեղանյութերի ցանկից: Սակայն որոշ դեպքերում տարեցները, մասնավորապես Հանգանակի շահառուները, ընդհարվելով բյուրոկրատական քաշքշուկների հետ, չեն կարողանում ճիշտ կողմորոշվել եւ ստանալ անվճար տրամադրվող դեղանյութերը:
Ի տարբերություն Վանաձորի շահառուների, Էջմիածնում բնակվող մեր բոլոր շահառուները կցագրված են իրենց տեղամասային պոլիկլինիկաներում եւ պարբերաբար այցելում են բժշկի եւ ստանում են իրենց անհրաժեշտ դեղանյութերը:
Ընդհանուր առմամբ իրականացրեցինք 4 տնային այց, կատարեցինք զարկերակային ճնշման եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մոնիտորինգ: Բոլոր 4 շահառուների ընդհանուր առողջական վիճակը բավարար է: Բժիշկը տվեց խորհրդատվություն սննդակարգի, առողջ կենսակերպի եւ ֆիզիական ակտիվության վերաբերյալ:
Շահառուներից մեկը՝ տիկին Ա-ն գտնվում էր իր զարմուհու սննդի կետում՝ օգնում էր նրան ժենգյալով հաց թխել: Նա շատ ուրախ էր, որ ունի օգտակար եւ համով զբաղմունք:
Այցի ժամանակ տրամադրվեց պարենամթերքը եւ անկողնային պարագաները, որի համար շահառուները իրենց խորը երախտագիտությունը հայտնեցին Հայ Կանանց Բարեկեցության Միությանը (ՀԿԲՄ/AWWA)՝ շարունակական աջակցության համար: ՀԿԲՄ հովանավորության շնորհիվ կազմակերպությունը կարողանում է իր ծառայությունները մատուցել Արցախից բռնի տեղահանված ամենախոցելի խավին՝ միայնակ տարեցներին:
Այցի մանրամասները կարող եք դիտել ֆոտոշարքում:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

