«Հանգանակ» ՀԿ-ն նշում է Տարեցների միջազգային օրը
Այսօր աշխարհում նշվում է Տարեցների միջազգային օրը, որը հնարավորություն է անդրադառնալու տարեցների անգնահատելի ավանդին։ «Հանգանակ» ՀԿ-ի համար այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն․ հիմնադրման առաջին օրից կազմակերպությունը մշտապես նվիրումով աջակցում է Արցախի տարեցներին՝ ապահովելով առողջապահական, սոցիալական և ամենօրյա աջակցություն։ Նրանք այսօր ապրում են տեղահանման դառը հետևանքներով ու նոր իրականության դժվարություններով։
«Մեր շահառուները պարզապես խնամքի կարիք ունեցող անձինք չեն․ նրանք հիշողության, իմաստության և տոկունության կրողներ են»,— նշում է կազմակերպության ղեկավարը: «Մեզ համար յուրաքանչյուր օր տարեցների միջազգային օր է։ Մեր առաքելությունն է՝ ապահովել, որ նրանք ապրեն արժանապատվությամբ, անվտանգությամբ և պատկանելիության ջերմ զգացումով՝ անկախ իրենց կրած դժվարություններից»։
«Հանգանակ»-ը շարունակելով իր առաքելությունը՝ կանգնած է հարյուրավոր տարեցների կողքին, ովքեր ստիպված են եղել թողնել իրենց տունը, հիշողությունները և կյանքի պատմությունը՝ նոր իրականության մեջ վերագտնելով իրենց տեղը։ Մենք ամեն օր նրանց հետ ենք՝ լսելով նրանց պատմությունները, կիսելով նրանց մտահոգությունները և նրանց կողքին լինելով ուրախության ու հույսի յուրաքանչյուր պահի։ Այս հատուկ օրը մենք խորին հարգանքով ու երախտագիտությամբ ենք խոնարհվում մեր տարեցների առաջ․ դուք մեր հիշողության պահապաններն եք, մեր արժեքների կրողներն ու ապագայի ճանապարհը լուսավորող փարոսը։ Ձեր փորձը, տոկունությունն ու հոգու ուժը մեզ բոլորիս ոգեշնչում են կառուցելու ավելի մարդասիրական ու համախմբված հասարակություն, որտեղ տարեցներին ապահովում են խնամքով, որտեղ նրանք շրջապատված են սիրով ու հարգանքով։
