Ամեն երեքշաբթի «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվում են հոգեբանական խմբային հանդիպումներ՝ հոգեբան Անահիտ Լալայանի ղեկավարությամբ։ Այս ամենշաբաթյա հանդիպումները դարձել են ջերմ ու վստահելի միջավայր, որտեղ տարեց մասնակիցները կարող են կիսվել իրենց ապրումներով, զարգացնել հուզական կայունությունը և ամրապնդել սոցիալական կապերը։
Վերջին երկու հանդիպումներին մեզ միացել էր նաև Ավետիս Բերենսոնը՝ ՀԲԸՄ (AGBU) կամավորական, ով ավարտել է ԱՄՆ-ի Սքրանթոնի համալսարանը՝ ստանալով հոգեբանության և խորհրդատվության ու մարդկային ծառայությունների բակալավրի աստիճան։ Նա ակտիվորեն մասնակցում էր քննարկումներին և շատ տպավորված էր մասնակիցների անկեղծությանբ, բաց լինելու և իրենց զգացմունքների ու կյանքի փորձի մասին ազատ խոսելու պատրաստակամությամբ։
Հանդիպումները նվիրված էին «Հույզերի անիվ» մեթոդին, որը նպաստում է զգացմունքների ճանաչմանը, տարբերակմանը և ճիշտ անվանմանը։ Գործնական վարժությունների և բաց քննարկումների միջոցով մասնակիցները անդրադարձան այն բազմազան հույզերին, որոնք ուղեկցում են իրենց առօրյան, և քննարկեցին, թե ինչպես կարող է սեփական զգացմունքների ավելի լավ գիտակցումը նպաստել հոգեբանական բարեկեցությանը։
Առաջին հանդիպման ավարտին մասնակիցները ստացան տնային առաջադրանք՝ մեկ շաբաթ շարունակ ամեն օր գրանցել իրենց ապրած զգացմունքները։ Հաջորդ հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին իրենց «հույզերի օրագիրը»՝ պատմելով, թե ինչ իրադարձություններ էին առաջացրել տարբեր հույզեր և ինչպես էին դրանք ազդել իրենց առօրյա կյանքի վրա։ Այս պարզ, բայց շատ արդյունավետ վարժությունը նպաստեց ինքնաճանաչողության, փոխըմբռնման և անկեղծ երկխոսության ձևավորմանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ յուրաքանչյուր զգացմունք կարևոր է և արժանի է ճանաչման։
Մենք շնորհակալություն ենք հայտնում Անահիտ Լալայանին՝ տարեցների հոգեկան առողջության պահպանման գործում նրա արժեքավոր ներդրման համար, ինչպես նաև Ավետիս Բերենսոնին՝ այս հանդիպումներին իր մասնակցության և սատարման համար։ Նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ շարունակում է ձևավորվել ապահով և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից իրեն զգում է լսված, հասկացված և արժևորված։
Հրավիրում ենք դիտելու ստորև ներկայացված լուսանկարները, որոնք արտացոլում են այս ջերմ, հետաքրքիր և բովանդակալից հանդիպումների հիշարժան պահերը։

