Նոյեմբերին Հանգանակը շարունակեց իր ամսական ավանդույթը՝ շահառուներին տրամադրելով անհրաժեշտ պարենամթերքը՝ խնամքի մի պահ, որը լցված է հոգատարությամբ և սիրով յուրաքանչյուրի նկատմամբ։ AWWA-ի շարունակական աջակցության շնորհիվ մեր շահառուները ստացան հարուստ փաթեթ, որը ներառում է բուսական յուղ, շաքարավազ, թեյ, ձու, մակարոնեղեն, ոսպ և պահածոյացված սմբուկի խավիար:
Խորապես շնորհակալ ենք նաև մեր գործընկերոջը՝ Մարտիկ հիմնադրամին, որը արդեն ավելի քան մեկ տարի է՝ մշտապես համալրում է մեր սննդի փաթեթները արեւահամ չրերով ու քաղցրավենիքով։
Մեր նվիրված սոցիալական աշխատող Էսմիրա Գասպարյանը այս ամիս ևս շարունակեց իր հոգատար խնամքը 25 առավել կարիքավոր շահառուների՝ նրանց հասցնելով ոչ միայն սննդի փաթեթները, այլև ամենօրյա խնամք, աջակցություն և մարդկային ջերմություն։ Նրա այցերը հաճախ իսկական փրկություն են այն մարդկանց համար, ովքեր ամենաշատը ունեն օգնության եւ խնամքի կարիք։
Ինչպես միշտ, մեր մի շարք շահառուներ նախընտրում են անձամբ գալ Հանգանակի գրասենյակ՝ ստանալու իրենց պարենամթերքը։ Այդ այցելությունները միշտ առանձնահատուկ են՝ լցված անկեղծ զրույցներով, պատմություններով, ջերմ մթնոլորտով: Լինան և մեր ողջ թիմը միշտ պատրաստ են նրանց հետ անցկացնել հաճելի ժամանակ՝ մի բաժակ թեյի կամ սուրճի սեղանի շուրջ:
Մենք նաև հոգ տարանք, որ մարզերում բնակվող մեր շահառուներն իրենց սննդի փաթեթները ստանան ժամանակին՝ շարունակելով մեր առաքելությունը նաեւ շրջաններում:
Յուրաքանչյուր փոխանցված փաթեթով, յուրաքանչյուր կատարված այցով, յուրաքանչյուր բաժակ տաք թեյով մենք կրկին համոզվում ենք, որ աջակցությունը միայն նյութական չէ․ այն մարդկային է, հոգևոր և չափազանց կարևոր բոլորիս համար։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում AWWA-ին և Մարտիկ հիմնադրամին՝ այս ամսվա աջակցությունը հնարավոր դարձնելու և մեր շահառուների կյանքը ջերմացնելու համար։

