Հունիսի 20-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է Փախստականների միջազգային օրը, մենք ձեր ուշադրությունը հրավիրում ենք նրանցից ամենաանպաշտպաններին՝ Արցախից բռնի տեղահանված միայնակ տարեցներին: Այս տատիկներն ու պապիկները ենթարկվել են ոչ միայն պատերազմի և Հայրենիքից արտաքսման հարվածներին, այլև նրանք իրենց պատկառելի տարիքում տանում են գոյատեւելու ամենօրյա պայքար:
Այս տարեցները իրենց հիշողություններում պահում են մի ամբողջ կյանք՝ իրենց հարազատ տները, աճեցրած այգիները, Արցախի իրենց ընկերներին եւ բարեկամներին, որոնց հետ կողք-կողքի ապրել են տասնյակ տարիներ՝ մի ամբողջ դարաշրջան: Այսօր, և այսպես արդեն ավելի քան մեկուկես տարի, նրանք արթնանում են որպես փախստականներ, հաճախ առանց պատշաճ բժշկական օգնության, բավարար սննդի եւ ծանոթ միջավայրի հարմարավետության։ Շատերը տառապում են քրոնիկ հիվանդություններով, որոնք ավելի են բարդացել տեղահանության հետեւանքով: Մյուսները պայքարում են միայնության և դեպրեսիայի դեմ՝ սգալով այն ամենի կորուստը, ինչը եղել է թանկ իրենց համար:
Տասնյակ տարիներ «Հանգանակը» եղել է կանգնած Արցախի տարեցների կողքին և պատերազմի, և խաղաղության ժամանակ: Այսօր մեր առաքելությունը նոր ուժ է ստացել: Մեր թիմը տրամադրում է բժշկական ծառայություններ միայնակ տարեցներին, տնային խնամք՝ անկողնային հիվանդների համար, մատակարարում ծայրահեղ աղքատության մեջ հայտնված իր շահառուներին պարենամթերքով և հիգիենայի պարագաներով, տրամադրում հոգեբանական աջակցություն՝ անտեսանելի հոգեկան վերքերը բուժելու համար:
Սակայն կարիքները ամեն օր աճում են։ Այս մարդիկ, ովքեր այդքան շատ բան են տեսել իրենց կյանքում, այժմ բախվում են ամենամեծ փորձությանը՝ ապրել իրենց կյանքի մայրամուտը հայրենիքից հեռու։
Փախստականների միջազգային օրը հրավիրում ենք ձեզ կանգնել Արցախից բռնի տեղահանված տարեցների կողքին: Այցելեք hanganak.org կայք՝ իմանալու, թե ինչպես կարող եք աջակցել մեր աշխատանքին՝ նվիրատվություններով, կամավորությամբ կամ պարզապես տարածելով նրանց պատմությունները: Միասին մենք կարող ենք փոխել արցախցի տարեցների կյանքը: