«Հանգանակ»-ը Հրազդանում մեկնարկում է ակտիվ ծերացման և սոցիալական համախմբման նոր ծրագիր
«Հանգանակ» բարեգործական ՀԿ-ն ուրախությամբ հայտարարում է «Հրազդանում տեղահանված տարեցների համար սոցիալական համախմբման կենտրոն» ծրագրի մեկնարկի մասին։ Եռամսյա նախաձեռնությունը կիրականացվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը՝ Հրազդանում և հարակից համայնքներում։
Ծրագիրն իրականացվում է «Հանգանակ» բարեգործական ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ/EPF) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) աջակցությամբ։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի Հրազդանի գրասենյակը սիրով «Հանգանակ»-ին տրամադրել է գրասենյակային տարածք՝ ծրագրի աշխատակազմի աշխատանքի համար, ինչպես նաև իր ընդարձակ սրահը՝ հանդիպումների, դասընթացների, աշխատարանների և այլ միջոցառումների անցկացման նպատակով։
Նախաձեռնության իրականացմանը կաջակցեն նաև Միասնական սոցիալական ծառայության Հրազդանի տարածքային կենտրոնը, Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնը և Հրազդանի համայնքապետարանի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժինը։
Ծրագրի նպատակն է նպաստել մասնակիցների հոգեսոցիալական բարեկեցությանը, սոցիալական ներառմանը և համայնքային կյանքում ակտիվ մասնակցությանը։ Նախաձեռնությունը կմիավորի առնվազն 50 տարեցների՝ Արցախից բռնի տեղահանված 35 անձանց և հյուրընկալող համայնքի 15 տարեց բնակիչների։
Բազմաթիվ տարեցների համար բռնի տեղահանությունը նշանակել է ոչ միայն տան և հարազատ միջավայրի կորուստ, այլև միայնություն, սոցիալական կապերի թուլացում և ակտիվ կյանքով ապրելու հնարավորությունների նվազում։ Նոր կենտրոնը կստեղծի ապահով, հյուրընկալ և հարմարավետ միջավայր, որտեղ մասնակիցները կկարողանան պարբերաբար հանդիպել, աջակցություն ստանալ, սովորել, ստեղծագործել, կիսվել իրենց փորձով և ձևավորել նոր հարաբերություններ։
Կենտրոնում կանցկացվեն հոգեսոցիալական աջակցության և հասակակիցների փոխաջակցության հանդիպումներ, առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության պարապմունքներ, կրթական ու ճանաչողական գործունեություն, ինչպես նաև անգլերենի կամ թվային հմտությունների զարգացման դասընթացներ։ Ծրագրի շահառուները կմասնակցեն նաև ստեղծագործական դասընթացների, առողջ սննդին նվիրված պարապմունքների, ժամանցային հանդիպումների և ներառական մշակութային ու միջսերնդային միջոցառումների։ Փոխադրման աջակցությունը հնարավորություն կտա ծրագրին մասնակցել նաև այն տարեցներին, որոնք ունեն ֆինանսական դժվարություններ կամ շարժունակության սահմանափակումներ։
Ծրագրի առանձնահատուկ և կարևոր բաղադրիչը հենց տարեցների ակտիվ ներգրավվածությունն է։ Մենք մասնակիցներին չենք դիտարկում միայն որպես աջակցություն ստացողներ, այլև որպես արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և կենսափորձ ունեցող մարդիկ։ Մասնակիցների խորհրդատվական խումբը կնպաստի կենտրոնի գործունեության ձևավորմանը, իսկ անհատական մասնակցության և ներգրավման պլանները հնարավորություն կտան բացահայտել յուրաքանչյուր անձի հետաքրքրությունները, հմտություններն ու աջակցության կարիքները։ Մասնակիցները կներգրավվեն միջոցառումների պլանավորման և կազմակերպման աշխատանքներում, կկիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով և հնարավորություն կունենան վերադառնալու ակտիվ սոցիալական կյանքի։
Հոգատարության, ստեղծագործական գործունեության և համատեղ մասնակցության միջոցով հույս ունենք ամրապնդել Արցախից բռնի տեղահանված և հյուրընկալող համայնքի բնակիչների միջև կապերը և Հրազդանում ձևավորել կայուն, համայնքահեն աջակցության ցանցի հիմքը։
