Ամենամսյա պարենամթերքը սովորաբար տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին: Այդ օրերին Հանգանակում մարդաշատ է լինում: Շահառուներից շատերը, ովքեր ակտիվ են եւ սիրում են հաճախել գրասենյակ, նախընտրում են պարենամթերքը ստանալ գրասենյակից, որը մի լրացուցիչ առիթ է ստեղծում հանդիպել հաճելի մարդկանց, զրուցել եւ կիսվել երկիրը պատած ընդհանուր աղետով:
Այսօր Սլավիկ Պետրոսյանի համար հաճելի անակնկալ էր սպասում Հանգանակում: Պարենամթերք ստանալու էր եկել նաեւ Աիդա Մադաթյանը: Նրանք երկուսն էլ Շուշիի ծրագրի շահառուներից էին, որ տարհանվելով հարազատ քաղաքից այս օրերին ապաստան են գտել Ստեփանակերտի տարբեր հյուրանոցներում: Շատ ջերմ էր նրանց հանդիպումը: Հուզմունքից բառեր չէին գտնում իրար ասելու, թեկուզ այնքան շատ էր ասելիքը…
Պարենամթերքից բացի տրամադրվում է նաեւ անհրաժեշտ դեղորայք: Այսօր դեղանյութերի հետ միաժամանակ Աիդան ստացավ նաեւ տոնոմետր, որի համար շատ երախտապարտ էր: Նա իր բոլոր անձնական իրերը եւ տարիների վաստակը թողել է Շուշիում: Իսկ լինելով հիպերտոնիկ, նա խիստ կարիք էր զգում անձնական տոնոմետրի, որը եւ տրամադրվել է կազմակերպության կղմից:
Պարենամթերքի տրամադրումը կշարունակվի եւս մի քանի օր, իսկ Ասկերանի շահառուների համար պարենամթերքը կառաքվի գյուղապետերի եւ Ասկերանի ծրագրի ֆելդշեր Թաթուլ Շեքյանի միջոցով: