Ջուլիետա Ա.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարին:

Ջուլիետան ծնվել է 1941թ հունիսի 10-ին Ջրաղացներ գյուղում` չքավոր գյուղացու ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին վեց երեխա` Ջուլիետան հինգերորդն էր: Նա ունեցել է դառը մանկություն: Սկզբնական կրթությունը ստացել է Չանախչիի միջնակարգ դպրոցում: 12 տարեկանից ընտանիքին օգնելու համար սկսում է աշխատել կոլխոզում: 1965թ. գյուղից տեղափոխվում է Ստեփանակերտ և աշխատում հացի գործարանում, որպես հացթուխ: Չորս տարուց հետո նա տեղափոխվում է շրջանային հիվանդանոց և աշխատում որպես տեխաշխատակից:

25 տարեկանում ամուսնանում է Ստեփանակերտցի մի երիտասարդի հետ: 22 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը մահանում է, սակայն երեխաներ չեն ունենում:

Պատերազմից առաջ և հետո գրեթե ոչինչ չի փոխվել, հիմա է ուզում ապրել լիարժեք կյանքով, բայց առողջական վիճակը չի ներում: Ապրում է մեկ սենյականոց բնակարանում, որը ստացել է հացի գործարանում աշխատելու տարիներին:

Հանգանակի շահառու է դարձել 2011թ., տեղեկացել է հարևանուհի Ռոմելայից, որը նույնպես Հանգանակի շահառուներից էր:

Առողջական վիճակը վատ է, ունի սրտային անբավարարություն, զարկերակային ճնշում, հիմա էլ ունի հոդերի խնդիրներ: Հոդերի խնդիրների պատճառով չի մասնակցում Հանգանակի միջոցառումներին, բայց մինչ այդ միջոցառումների ակտիվ մասնակիցներից էր: Հանգանակից ստանում է անհրաժշետ դեղանյութերը՝ Կարդիոմագնիլ 75 մգ N 30, Կոնկոր 5մգ N25: Պոլիկլինիկա դիմում է շատ հազվադեպ:

Թոշակը 44.000 ՀՀ դրամ է, որը շատ քիչ է, բայց նա շատ է տնտեսում: Հանգանակի տրամադրած մթերքը ամբողջ ամիս հերիքում է, շատ է ուրախանում երբ ստանում է ջեռուցման դիմաց հատկացված գումարը: Տունը ջեռուցվում է էլեկտրականությամբ, հենց այդ գումարն էլ վճարում է էներգիայի դիմաց:

Հանգանակից շատ գոհ է: Գոհ է բուժքրոջ ուշադրությունից ու սրտացավությունից: Նա գոհունակությամբ նշում է, թե ինչպես Հանգանակը միջնորդեց, որ աչքը վիրահատվի: Հիմա լավ է տեսնում, Հանգանակը տրամադրել է նաեւ ակնոցներ:

Շնորհակալություն է հայտնում հեռու Բոստոնում բնակվող բարեսիրտ մարդկանց, որոնք հեռվից օգնում են տարեցներին, շնորհակալություն է հայտնում կազմակերպության ողջ անձնակազմին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով