Արցախից բռնի տեղահանությունից հետո Հանգանակի կարևոր խնդիրներից մեկը շահառուներին ապաստան գտնելու հարցում օժանդակելն էր։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր շահառուներից ոչ մեկը դրսում չի մնացել: Մենք աջակցել ենք մեր շահառուներին տեղավորվելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շուրջօրյա խնամքի կենտրոններում եւ/կամ սոցիալական տներում: Սակայն շահառուների ճնշող մեծամասնությունը այս պահին բնակվում է վարձակալությամբ: Իշխանությունները սպառնում են, որ կդադարեցնեն պետական աջակցության ծրագիրը: Մենք կարծում ենք, որ դա կլինի մեր շահառուների համար եւս մեկ ու շատ դաժան մարտահրավեր:
Առաջին կազմակերպություններից մեկը, որին դիմեցինք տեղահանության առաջին ամիսներին ապաստարանի հարցում մեր շահառուներին օգնելու համար, դա Առաքելություն Հայաստանն էր: Մեր համագործակցությունը ունեցավ շարունակություն, քանի որ աշխատանքի բերումով պարբերաբար Հանգանակի աշխատակիցները հանդիպում էին Առաքելության աշխատակիցներին տարեցների եւ փախստականների հարցերով համաժողովների, հանդիպումների կամ դասընթացների ժամանակ:
«Առաքելություն Հայաստան» ՀԿ ավագ սոցիալական աշխատող եւ փախստականների հարցով կառավարիչ Տատյանա Դաշյանի հետ Հանգանակի Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը միշտ կապի մեջ է: Նրանց հեռախոսային կապը մտերմացրել է, թեկուզ կյանքում երբեք իրար չեն հանդիպել: Լինան հերթական անգամ զանգեց շահառուներից մեկի համար: Տիկին Տանյան ասաց, որ պետք է շահառուն անձամբ ներկայանա գրասենյակ, որպեսզի նրա հայտը լրացնի: Սա դարձավ հրաշալի առիթ Լինայի եւ տիկին Տանյայի առաջին հանդիպման համար:
— Ես շատ սիրեցի քո համառությունը,- ասաց տիկին Տանյան Լինային,- սա այն ճիշտ համառությունն է, որ բերում է արդյունքի: