Հանգանակի հերթական այցը Լոռու մարզ

Այս անգամ մեր ճանապարհորդությունը սկսվեց Լոռու մարզի Արջահովիտ գյուղից, այնուհետեւ Արջուտ, Շահումյան, Վանաձոր, Ալավերդի եւ ուշ երեկոյան վերադարձանք Երեւան: Տպավորությունները հակասական էին: Արջահովտում մենք հանդիպեցինք մեր շահառու տիկին Ա-ին, որը Հադրութի շրջանի Տումի գյուղից է: 2020 թվականից հետո նա հայտնվել էր Ստեփանակերտում եւ դարձել մեր շահառուն, իսկ 2023 թվականի սեպտեմբերի գաղթից հետո հայտվել էր Արջահովտում, որտեղ միացել էր եղբոր տղայի բազմազավակ ընտանիքին:

Այդ գեղեցիկ ընտանիքը Արջահովիտ էր տեղափոխվել Հադրութի բռնազավթումից հետո՝ 2020 թվականի վերջին, երբ նրանց կրտսեր որդին դեռ երեք ամսական էր: Երիտասարդ ընտանիքի հինգ որդիների եւ մեկ դստեր մայրը ժամանակ էր գտնում իր ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատել Հանգանակի շահառու տիկին Ա-ին, թեեւ իրենց ոչ փոքր եւ արդեն կազմակերպված տնտեսությունը մեծ ջանքեր էր պահանջում տանտերերից: Այդ այցը շատ ոգեւորիչ էր, երբ տեսնում ես կազմակերպված եւ հաջողված տնտեսություն, առողջ ընտանիք եւ փոխադարձ սեր ու հոգատարություն:

Արջուտում ապաստան են գտել մեր երկու շահառուները, որոնք Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղից են: 70-ամյա տիկին Ժ-ն արդեն երկար տարիներ հոգ է տանում իր 75-ամյա հիվանդ քրոջը, որի հետ եւ բնակություն են հաստատել վարձակալած տնակում: Տնակը խղճուկ վիճակում էր, սակայն տիկին Ժ-ն գոհ էր, որ ունեն մեծ այգի: Նա մշակում է այգին, բանջարեղեն եւ հատապտուղներ է աճեցնում: Ասում է, որ սննդի համար գրեթե փող չեն ծախսում, ամեն ինչ սեփական այգուց է ստանում, իսկ ավելացածը, ասաց՝ կվաճառի: Կարկուտը ավիրել էր իր բանջարանոցը, սակայն տիկին Ժ-ն չի հուսահատվել, նորից է ամեն ինչ ցանել եւ արդեն բերք է ստանում: Երբ փորձեցինք որոշել տիկին Ժ-ի արյան գլուկոզայի մակարդակը, նուրբ ասեղը նրա կոշտացած մատը չկարողացավ ծակել, ստիպված ասեղը փոխեցինք: Գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում էր, իսկ տիկին Ժ-ն չէր էլ կասկածում: Շատ տպավորված էինք նախկին ուսուցչուհի, իսկ հիմա այգեգործ դարձած աննկուն տիկին Ժ-ի կամքի ուժով:

Հետո այցելեցինք եւս 3 շահառուի, որոնք բոլորն էլ միայնակ էին ապրում՝ վարձակալած բնակարաններում: Բոլորն էլ հավատով սպասում էին, որ մի օր կվերադառնան հայրենի օջախները:

Ճանապարհորդության մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:

172_2
172_6
172_9
172_14
172_18
172_15
172_4
172_8
172_7
172_3
172_10
172_5
172_12
172_2 172_6 172_9 172_14 172_18 172_15 172_4 172_8 172_7 172_3 172_10 172_5 172_12

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: