«Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի համագործակցությամբ շարունակում է իր շահառուներին մատուցել հոգեբանական ծառայություններ: Ծառայությունները իրականացվում են ինչպես անհատական խորհրդատվությունների ձեւով՝ տնային այցերի միջոցով, այնպես էլ խմբային սեանսների միջոցով, որոնք անց են կացվում «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի դահլիճում: Մայիսի 7-ին կայացել է հերթական հոգեբանական խմբային խորհրդատվությունը, որը ինչպես միշտ վարել է կենտրոնի ղեկավար, հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը: Լինելով մասնագիտացված հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ոլորտում եւ ունենալով տարեցների մոտ հոգեկան տրավմաների առանձնահատկությունների մեծ փորձ, դոկտոր Լալայանը կարողանում է գտնել ամենաարդյունավետ ճանապարհները՝ հասնելու առավելագույն արդյունքի:
Սեանսը տեւեց ավելի քան երկուսուկես ժամ, նախատեսված երկու ժամվա փոխարեն: Մասնակիցները շատ ակտիվ էին եւ բաց՝ արտահայտելու իրենց հուզող բոլոր հարցերը: Նրանք ստացան տնային առաջադրանք, որը պետք է քննարկեն հաջորդ հանդիպման ժամանակ: Մասնակիցները պարապմունքից հետո դեռ երկար կանգնած զրուցում էին իրար հետ՝ կիսվելով հիշողություններով, վերջին նորություններով եւ իրենց հուզող հարցերով:
Հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին: