Հուլիսի 1, 2026 թ.

Հանգանակ ՀԿն արժանացել է AWWAի 2026 թվականի միջազգային դրամաշնորհին՝ Հայաստանում տարեցների խնամքի ծառայություններն ընդլայնելու նպատակով

Երևան, Հայաստան — «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հպարտությամբ հայտարարում է, որ դարձել է Հայ կանանց բարեկեցության միության (Armenian Womens Welfare AssociationAWWA) 2026 թվականի միջազգային դրամաշնորհային մրցույթի հաղթող։

Այս  դրամաշնորհը հնարավորություն կտա Հանգանակին շարունակել և ընդլայնել իր համապարփակ, համայնքահեն առողջապահական և սոցիալական ծառայությունները՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հայ տարեց անձանց։

Ավելի քան երկու տասնամյակ Հանգանակը նպաստում է տարեցների առողջության, բարեկեցության և արժանապատվության պահպանմանը՝ սկզբում Արցախում, իսկ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո՝ Հայաստանում։ 2004 թվականից ի վեր, AWWA-ի շարունակական աջակցությունը կարևոր դեր է խաղացել կազմակերպության առաքելության իրականացման և զարգացման գործում։

2026 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հանգանակը կշարունակի տրամադրել համապարփակ համայնքահեն առողջապահական և սոցիալական ծառայություններ, ներառյալ՝ բժշկական և բուժքույրական աջակցություն, տնային այցելություններ, սոցիալական աշխատանքի ծառայություններ, հոգեսոցիալական աջակցություն, խմբային թերապիա, առողջ ապրելակերպի խթանման միջոցառումներ և համայնքային ակտիվության ծրագրեր։ Ծրագիրը նաև ներառում է անձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստում՝ ծառայությունների որակի և տարեցների խնամքի արդյունավետության բարձրացման նպատակով։

«Մենք խորապես երախտապարտ ենք Հայ կանանց բարեկեցության միությանը՝ Հանգանակի առաքելության նկատմամբ ցուցաբերած երկարամյա վստահության և աջակցության համար։ Այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս շարունակել մեր կարևոր աշխատանքը և աջակցել այն տարեցներին, ովքեր կորցրել են իրենց տունը, համայնքը և ապահովության զգացումը, բայց ոչ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը», — նշում է Հանգանակ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը։


Ծրագիրը հիմնված է Հանգանակի կողմից իրականացված «Արցախից բռնի տեղահանված տարեցների առողջական, հոգեսոցիալական և սոցիալտնտեսական վիճակի հիմնային գնահատման» հարցումի արդյունքների վրա, որն ապահովում է ապացույցների վրա հիմնված մոտեցում ծառայությունների պլանավորման և իրականացման համար։

Հանգանակը շարունակում է համագործակցել պետական, տեղական և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանում զարգացնելու համայնքահեն, անձնակենտրոն և ինտեգրված խնամքի մոդելներ, որոնք նպաստում են տարեցների անկախությանը, սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը։


Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) մասին

1915 թվականին հիմնադրված Հայ կանանց բարեկեցության միությունը (AWWA) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է բարելավել տարեց հայերի կյանքի որակը՝ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ AWWA-ն Մասաչուսեթս նահանգի Ջամայկա Փլեյնում գործող Հայկական խնամքի և վերականգնողական կենտրոնի (ANRC) հիմնադիրն է և շարունակում է աջակցել միջազգային ծրագրերին, որոնք նպաստում են ԱՄՆ-ից դուրս բնակվող տարեց հայ մարդկանց խնամքի և բարեկեցության բարելավմանը։