Հանգանակի թիմը վաղ առավոտյան մեկնեց Լոռու մարզ՝ պարենամթերքը եւ անկողնային պարագաները հասցնելու մարզում բնակվող իր 18 շահառուներին:
Վանաձորի ճանապարհին այցելեցինք Արջահովիտ, բայց անձամբ չկարողացանք այցելել տիկին Ա-ին՝ ժամանակի սղության պատճառով: Նրա զարմիկը ճանապարհին ստացավ պարենամթերքը եւ անկողնային պարագաները:
Հաջորդ կանգառը Արջուտում էր, որտեղ բնակվում են մեր երկու շահառուները՝ տիկին Ժ-ն իր հիվանդ քրոջ հետ: Շատ ջերմ հանդիպում էր: Տիկին Ժ-ն մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում եւ մենք համոզված էինք, որ նա զբաղված է իր տնամերձ հողամասում: Ինչպես եւ ենթադրում էինք, նա իր այգում նոր սածիլներ էր տնկում, քանի որ նախորդ փորձը անհաջող էր: Սակայն տիկին Ժ-ն լավատես էր եւ մեզ հրավիրեց համտեսել իր լոլիկները եւ վարունգները՝ հաջորդ այցի ժամանակ: Նա հպարտությամբ մեզ ցույց տվեց նաեւ իր հավերի նոր սերունդը, իսկ նախորդը բավական մեծացել էր արդեն եւ տիկին Ժ-ն հաջորդ ամսվանից պատրաստվում է իր աճեցրած երիտասարդ աքլորները վաճառել:
Մենք շտապեցինք Վանաձոր, որպեսզի երթուղային տրանսպորտով Ալավերդի ուղարկենք մեր 4 շահառուների պարենամթերքը եւ անկողնային պարագաները: Հաջորդ ամիս մենք պլանավորում ենք այցելել նաեւ Ալավերդի:
Վանաձորում մենք այցելեցինք տիկին Ա-ին: Նա բռնագաղթից հետո արդեն 4-րդ բնակարանն է փոխել եւ հուսով էր, որ գոնե այս վարձակալած բնակարանում ավելի երկար կապրի: Նա մեզ հյուրասիրեց իր հենց նոր պատրաստած համեղ Արցախի փախլավայով: Ափսոս, որ նկարները չեն հաղորդում այն բույրը, որ տարածվել էր տիկին Ա-ի վարձակալած բնակարանում:
Մեր վերջին այցը Վանաձորում տիկին Ի-ի տունն էր, որտեղ մեզ սպասում էին մեր 7 շահառուները: Տիկին Լ-ն բերել էր իր պատրաստած դեղձի մուրաբան, տիկին Ս-ն բերել էր մրգեր, իսկ տիկին Ի-ն պատրաստել էր տորթ՝ իր սեփական բաղադրատոմսով: Շատ հաճելի ժամանց ունեցանք տիկին Ի-ի տանը, որը նա գնել էր որպես Շուշիից բռնագաղթած եւ Արցախի բանակում երկար տարիներ ծառայած զինվորականին հասնող փոխհատուցման վճարով: Նրա հյուրասեր տունը դարձել է Հանգանակի շահառուների համար հավաքատեղի, որտեղ նրանք հաճախակի հանդիպում են, հաճելի ժամանակ անցկացնում՝ հիշողություններով եւ կարոտով:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ մեր այցելած բոլոր շահառուների առողջական վիճակը բավարար է: Նրանք բոլորը պարբերաբար հաճախում են իրենց տեղամասային պոլիկլինիկաները, սակայն բողոքեցին, որ անհարժեշտ դեղանյութերը նրանց չեն տրամադրում: Մենք խոստացանք, որ հաջորդ այցի ժամանակ կայցելենք պոլիկլինիկա՝ ճշտելու, թե ինչու դեղանյութեր չեն տրամադրում արցախցի տարեցներին:
Այցի ժամանակ տրամադրվեց պարենամթերքը եւ անկողնային պարագաները, որի համար շահառուները իրենց խորը երախտագիտությունը հայտնեցին Հայ Կանանց Բարեկեցության Միությանը (ՀԿԲՄ/AWWA)՝ շարունակական աջակցության համար: ՀԿԲՄ հովանավորության շնորհիվ կազմակերպությունը կարողանում է իր ծառայությունները մատուցել Արցախից բռնի տեղահանված ամենախոցելի խավին՝ միայնակ տարեցներին:
Այցի մանրամասները կարող եք դիտել ֆոտոշարքում:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

