«Հանգանակի» թիմը կրկին այցելեց Լոռու մարզ՝ հանդիպելու այնտեղ բնակվող մեր 21 շահառուներից 15-ին։ Արցախում իրենց տունն ու հարազատ միջավայրը կորցրած մարդկանց համար առանձնահատուկ նշանակություն ունի կապը նրանց հետ, ովքեր ճանաչում են իրենց և հոգատար են իրենց կյանքի հանդեպ։ Յուրաքանչյուր այց տարիների ընթացքում ձևավորված վստահության, հոգատարության և միասին անցած ճանապարհի շարունակությունն է։
Ինչպես միշտ, մեր թիմն իրականացրեց բժշկական զննումներ, տրամադրեց սննդի փաթեթներ, իսկ կարիք ունեցողներին՝ նաև տակդիրներ։ Այս հանդիպումները նաև հնարավորություն են տալիս լսելու մեր շահառուներին, հասկանալու նրանց փոփոխվող կարիքները և յուրաքանչյուրին անհատական ուշադրություն հատկացնելու։
Արջուտում այցելեցինք տիկին Ժասմենին, որը շարունակում է մեծ նվիրումով խնամել հաշմանդամություն ունեցող իր քրոջը։ Տարիների ընթացքում քույրերը դարձել են «Հանգանակի» ընտանիքի հարազատ անդամները։ Բազմակի տեղահանությունների և նոր բնակավայրում հաստատվելու դժվարությունների միջով անցնելիս էլ Ժասմենը շարունակել է կրել քրոջ ամենօրյա խնամքի պատասխանատվությունը։ Նրանց կողքին լինելն ու կարիքները հոգալուն աջակցելը մեր աշխատանքի կարևոր մասն են։
Այցելեցինք նաև տիկին Իսկուհու տուն, որտեղ մեզ հետ հանդիպելու էին հավաքվել մեր շահառուներից հինգը։ Նրա տունը դարձել է մեր շահառուների համար հարազատ հանդիպավայր, որտեղ նրանք կարող են ժամանակ անցկացնել միասին և պահպանել այն մտերմությունը, որը տեղահանությունից հետո առավել թանկ է դարձել։
Այս ուղևորության ընթացքում չկարողացանք հասնել Ալավերդի, որտեղ բնակվում են մեր շահառուներից հինգը։ Նրանց նախատեսում ենք այցելել Լոռի կատարելիք մեր հաջորդ ուղևորության ժամանակ։ Այցերի միջև ընկած ժամանակահատվածում մշտական կապի մեջ ենք մարզում բնակվող մեր բոլոր շահառուների հետ՝ տեղեկանալով նրանց առողջական վիճակին, կենցաղային պայմաններին և մտահոգություններին։ Այդ զրույցների միջոցով մեր հոգատարությունը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ չենք կարող անձամբ հանդիպել։
Խորին երախտագիտությամբ՝ Հայ կանանց բարեկեցության միությանը
2004 թվականից ի վեր Հայ կանանց բարեկեցության միությունը (AWWA) կանգնած է «Հանգանակի» և մեր հոգածության ներքո գտնվող տարեցների կողքին։ Արցախում Տարեցների աջակցության ծրագրի առաջին քայլերից մինչև բռնի տեղահանումից հետո Հայաստանում մեր աշխատանքի շարունակությունը՝ Միության անսասան աջակցությունն օգնել է մեզ պահպանել խնամքի շարունակականությունը խոր ու ցավալի իրադարձությունների պայմաններում։
Մենք խորապես երախտապարտ ենք այս երկարամյա գործընկերության և մեր առաքելության հանդեպ վստահության համար։ Յուրաքանչյուր այցի, սննդի փաթեթի և խնամքի անհրաժեշտ պարագայի տրամադրման հիմքում նաև Միության տարիների նվիրվածությունն է մեր շահառուների արժանապատվությանն ու բարեկեցությանը։ Նրանց աջակցությամբ մենք շարունակում ենք հարազատ ու հուսալի ներկայություն լինել այն մարդկանց կյանքում, որոնց հետ այնքան երկար ճանապարհ ենք անցել։
Այցի մյուս պահերին ծանոթացեք ստորև ներկայացված լուսանկարներում։

