Շարունակական խնամք, մարդկային կապ և հույս՝ AWWA-ի աջակցությամբ

Հայ կանանց բարեկեցության միության (Armenian Women’s Welfare Association – AWWA) աջակցության շնորհիվ «Հանգանակ»-ը վերսկսել է Արցախից բռնի տեղահանված խոցելի տարեցներին աջակցող ծրագրի նոր փուլը։ Ծրագրի մեկնարկը սկսեցինք աշխատակազմի հանդիպմամբ, որի ընթացքում քննարկեցինք առաջիկա աշխատանքները, համակարգեցինք պարտականությունները և ստորագրեցինք նոր պայմանագրեր ծրագրի անձնակազմի հետ՝ վերահաստատելով հետևողական, համապարփակ և հոգատար խնամք ապահովելու մեր ընդհանուր հանձնառությունը։

Ծրագրի հիմքում շահառուներին կատարվող կանոնավոր տնայցերն են բժշկական եւ սոցիալական ծառայություններ իրականացնող մեր աշխատակիցների կողմից: Տնից հազվադեպ դուրս եկող տարեց մարդու համար այդ այցը կարող է բերել ոչ միայն անհրաժեշտ առողջապահական աջակցություն, այլև մարդկային ջերմ շփում։

Մեր առողջապահական և սոցիալական խնամքի աշխատակիցները վերահսկում են առողջության հիմնական ցուցանիշները, հետևում նշանակված դեղամիջոցների ընդունմանը և արձագանքում յուրաքանչյուր շահառուի առողջական ու սոցիալական կարիքներին։ Նրանք նաև ժամանակ են հատկացնում լսելու, քաջալերելու և վստահություն ներշնչելու համար՝ օգնելով յուրաքանչյուր մարդու զգալ, որ իրեն տեսնում, լսում և աջակցում են։ Նրանց անձնանվեր աշխատանքում մասնագիտական գիտելիքը զուգակցվում է կարեկից և անկեղծ հոգատարության հետ։

Ծրագիրը շահառուների համար նաև հանդիպելու, հաղորդակցվելու և համայնքին պատկանելու զգացումը վերագտնելու հնարավորություններ է ստեղծում։ Խմբային հոգեբանական թերապիան ապահովում է վստահելի եւ աջակցող միջավայր, որտեղ մասնակիցները կարող են արտահայտել իրենց զգացմունքները, կիսվել ապրումներով և ամրապնդել հոգեբանական դիմակայունությունը։ Հանգանակի բժիշկը վարում է առողջ ապրելակերպի սեմինարներ՝ ներկայացնելով գործնական եւ կիրառելի գիտելիքներ սնուցման, ֆիզիկական ակտիվության, հիվանդությունների կանխարգելման և տարածված քրոնիկ հիվանդությունների կառավարման վերաբերյալ։ Մեր կամավորների անցկացրած անգլերենի դասերը խմբին նոր եռանդ են հաղորդում՝ խրախուսելով մասնակիցներին սովորել, հարցեր տալ, կիրառել պարզ արտահայտություններ և հաճույքով հաղորդակցվել միմյանց հետ։ Այս հանդիպումները հաճախ վերածվում են ջերմ, ուրախ եւ հարազատ միջավայրում անկեղծ հաղորդակցվելու պահերի։

Խնամքի որակն ու շարունակականությունն ապահովելու նպատակով Հանգանակը մշակել է թարմացված շահառուների անհատական գրքույկները, որոնք ներառում են տեղեկություններ ախտորոշումների, նշանակված դեղամիջոցների և առողջության հիմնական ցուցանիշների վերաբերյալ։ Ժամանակի ընթացքում այս տվյալներին հետևելը կօգնի մեր թիմին նկատել փոփոխությունները և առավել արդյունավետ արձագանքել անհատական կարիքներին։ Յուրաքանչյուր չափման և գրանցման հետևում մարդ է, որի բարեկեցությունը կարևոր է, իսկ հետևողական վերահսկումն օգնում է, որ ի հայտ եկող որևէ խնդիր անուշադրության չմատնվի։

Մեր շահառուները խորին երախտագիտություն են հայտնում ստացած աջակցության համար։ Նրանք կարևորում են առողջության վերահսկումն ու գործնական օգնությունը, սակայն առանձնապես գնահատում են այն զգացումը, որ իրենց մասին հիշում են, իրենց լսում և արժեւորում են։ Հիվանդության, սահմանափակ շարժունակության, տեղահանության կամ միայնության դժվարություններին բախվող տարեցների համար կանոնավոր շփումն ու իմաստալից հանդիպումները կարող են վերականգնել կայունության, ինքնավստահության և համայնքին պատկանելու զգացումը։

Մենք անկեղծորեն շնորհակալ ենք AWWA-ին՝ այս աշխատանքը հնարավոր դարձնելու համար։ Միևնույն ժամանակ, Հանգանակը շարունակում է փնտրել լրացուցիչ ռեսուրսներ և նոր գործընկերներ՝ ապահովելու, որ այս կարևոր ծառայությունները շարունակվեն անխափան։ Վստահության և հոգատարության վրա հիմնված կապերը ձևավորվում են ժամանակի ընթացքում, և դրանց շարունակականության պահպանումը մեր կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։

AWWA-ի աջակցության և մեր աշխատակիցների ու կամավորների նվիրվածության շնորհիվ յուրաքանչյուր տնայց, խմբային հանդիպում, սեմինար և դաս մեր շահառուներին փոխանցում է նույն կարևոր ուղերձը․ դուք կարևոր եք, ձեր մասին հիշում են, և դուք միայնակ չեք։

244_19
244_5
244_11
244_6
244_7
244_2
244_4
244_3
244_8
244_9
244_32_dop
244_18
244_33_dop
244_31_dop
244_30_dop
244_10
244_17
244_15
244_12
244_14
244_16
244_19 244_5 244_11 244_6 244_7 244_2 244_4 244_3 244_8 244_9 244_32_dop 244_18 244_33_dop 244_31_dop 244_30_dop 244_10 244_17 244_15 244_12 244_14 244_16