Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցը ստեղծվել է 2016 թվականի հունվարի 27-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության, Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի, Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով մշակված «ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանությամբ և խնամքի տրամադրմամբ զբաղվող կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի» համաձայն: Միանալով հուշագրին կողմերը պարտավորվել են ցանցի շրջանակներում համագործակցել, իրականացնել հստակ ծրագրեր կամ աջակցել այն ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու տարեցների շահերի պաշտպանությանը, նրանց կյանքի որակի բարելավմանը, հասարակական կյանքին նրանց անարգել մասնակցությանը, առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության ու մատչելիության ապահովմանը:
Տարիների ընթացքում ընդլայնվել է ցանցում ընդգրկված կազմակերպությունների թիվը: 2024 թվականին Հանգանակ ԲՀԿ-ն ներկայացրել է հայտ՝ նույնպես լինել ընդգրկված Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցում: Ցանցի համակարգող մարմինը 2024 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն էր: 2024 թվականի հոկտեմբերին Հանգանակի հայտը քննարկվել է ՀԿԽԸ հրավիրած Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցի հերթական ժողովում: Եվ միայն այս տարի մենք ստացանք պաշտոնական հրավեր, որպես Ցանցի անդամ մասնակցելու 2025 թվականի առաջին ժողովին:
Ցանցի համակարգող մարմինը այս տարի Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան է, որի հետ մենք համագործակցում ենք 2021 թվականից: Ժողովի ընթացքում քննարկվեցին կառույցների գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր, այդ թվում մի շարք իրավական եւ գործնական հարցեր՝ կապված պետական կառույցների հետ համագործակցության, դրամաշնորհային մրցույթների ընթացակարգի մշակման, Ցանցի կոնոնադրության թարմացման եւ այլ կարգավորումների հետ:
Վերջում ժողովի մասնակիցներին ներկայացան 2025 թվականին Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցում ընդգրկված երկու նոր կազմակերպությունները՝ Հանգանակ ԲՀԿ-ն եւ Ալցհայմերի խնամք Հայաստան կազմակերպությունը: Ցանցի անդամները ջերմությամբ ողջունեցին նոր գործընկերներին:

